Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական 
խորհրդակցություններ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգայում հունիսի 5-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լատվիականը՝ ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-լատվիական երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ։

«Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործնական քայլերին։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Ընդգծվել է միջազգային կազմակերպություններում հայ-լատվիական համագործակցության զարգացման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները։ Այդ համատեքստում ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին: Նախարարի տեղակալը շեշտել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը և հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ջանքեր գործադրելու կարևորությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am