Տնտեսություն

Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները նախատեսում են սկսել 2025 թվականի սկզբին

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները նախատեսում են սկսել 2025 թվականի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի համար հրամայական է անընդհատ ունենալ ատոմային գեներացիա, ուստի մինչև 2036 թվականը նախատեսվում է 1000-1200 մեգավատ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի ազգային էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը։

«Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործումը երկարաձգելու մեխանիզմը հետևյալն է․ որոշ ժամանակ անց պետք է անպայման նորից ստուգվի ռեակտորի իրանի մետաղի վիճակը և անհրաժեշտության դեպքում որոշակի միջոցառումներ իրականացվեն։

Ինչպես գիտեք, մեկ տարի առաջ այդպիսի միջոցառումների փուլ անցել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը և թրծվել է ռեակտորի իրանը, ինչը թույլ է տվել ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականը։ Գրեթե նույն գործընթացները կիրականացվեն 2026 թվականին, որը հնարավորություն կտա ևս 10 տարով երկարաձգել շահագործման ժամկետը»,- ասաց Մարջանյանը։

Փորձագետը նշեց, որ մինչև երկրորդ էներգաբլոկը շահագործումից հանելը անհրաժեշտ է նոր էներգաբլոկի կառուցում, որը Հայաստանի համար կարևոր է ատոմային գեներացիա ունենալու տեսանկյունից։

«Ինչպես գիտեք, նախորդ տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց միջպետական համաձայնագիր, որով նախատեսվում է 1000-1200 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ կառուցել։

Ըստ համաձայնագրի՝ մեկ տարվա ընթացքում պետք է մշակել ճանապարհային քարտեզ, պետք է վերջանական որոշում կայացնել՝ ռեակտորի տիպի և այլ տեխնիկական պարամետրերի հետ կապված։ Իսկ արդեն 2024 թվականի ավարտին և 2025 թվականի սկզբին կսկսվեն կառուցման աշխատանքները։ Ատոմային էներգաբլոկի կառուցումը կարժենա մոտ 3-5 միլիարդ դոլար։ Կարծում եմ՝ խելամիտ ծախս է, և Հայաստանի համար հրամայական է անընդհատ ունենալ ատոմային գեներացիա իր տարածքում։ Կարծում եմ, որ 10-12 տարում հնարավոր կլինի այն կառուցել»,- եզրափակեց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում