Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է. վարչապետը՝ ԵԽ գագաթնաժողովում

ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն 
անհրաժեշտություն է. վարչապետը՝ ԵԽ գագաթնաժողովում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, Փաշինյանն այս մասին նշել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում իր ելույթում:

«Մենք մեր օրինակով ենք տեսել, որ պատերազմը ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանում ժողովրդավարության պակասի արդարացում էր երկար ժամանակ»,-ասել է վարչապետը:

Փաշինյանը հիշեցրել է, որ 2018 թվականին թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեց, բայց 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ու Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջ:

«Շատերն այսօր էլ մտածում են, որ պատերազմի պատճառը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներն էին՝ մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը կարող է կասկածով ընկալվել…2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի հրադադարի մասին եռակողմ հայտարարություն, որը պետական ինստիտուտների՝ Կառավարության և Ազգային ժողովի վրա հարձակման պատճառ դարձավ, որովհետև սանձազերծված պատերազմն, ըստ ամենայնի, նաև Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ:

Բայց մենք կարողացանք երկրի ժողովրդավարությունը պահպանել: Ավելի ուշ որոշում կայացրեցինք գնալ արտահերթ ընտրությունների՝ հանրային միասնությունը վերգտնելու համար: Եվ երկու օր այն բանից հետո, երբ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով իմ և Ազգային ժողովի հրաժարականն ուժի մեջ մտավ, 2021թ. մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք: Եթե մենք այդ դրվագում շեղվեինք ժողովրդավարությունից, պետականությունը կկորցնեինք, բայց մենք գնացինք ժողովրդավարական ճանապարհով և ունեցանք միջազգայնորեն ազատ և ժողովրդավարական ճանաչված ընտրություններ, և ձևավորեցինք խաղաղության օրակարգ»,-ընդգծել է վարչապետը:

Նա շեշտել է նաև, որ այդ խաղաղության օրակարգը նույնպես ենթարկվել է հարձակումների. 2021թ. նոյեմբերին և 2022 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանը կրկին ներխուժումներ է իրականացրել ՀՀ տարածք:

Վարչապետը հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ եկել են համաձայնության, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն որի` Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

«Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը:

Բայց Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով ԼՂ հայերն արդեն 5 ամիս շրջափակման մեջ են և ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում: Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո, կենսական: Այս հարցերի հասցեագրմանը աջակցելով՝ ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»,-եզրափակել է Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am