Հասարակական

Հայաստանում մարքեթինգի ոլորտում բացակայում է առողջ քննադատությունը. միֆերն ու իրականությունը կոնֆերանսի թեժ թեման են

5 րոպեի ընթերցում

Հայաստանում մարքեթինգի ոլորտում բացակայում է առողջ քննադատությունը. միֆերն ու իրականությունը կոնֆերանսի թեժ թեման են

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում մարքեթինգի ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետներին, տնօրեններին, ղեկավարներին, ոլորտով հետաքրքրվող սկսնակներին մեկ հարթակում համախմբելու, փորձառուներին իրենց փորձով կիսվելու, իսկ սկսնակներին փորձ ու գիտելիքներ ստանալու հնարավորություն ստեղծելու համար արդեն 3-րդ անգամ կկայանա Marketing: myth and reality մարքեթինգային մեծ կոնֆերանսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս անգամ կոնֆերանսին սպասվում է 40 խոսնակ ավելի քան 15 ոլորտից, ինտերակտիվ քննարկումներ` մարքեթինգի, blogging-ի, influencer-ների հետ աշխատանքի, անձնական բրենդ ստեղծելու ու հարակից թեմաների շուրջ:

Կոնֆերանսի կազմակերպիչ, The Business Rover ընկերության համահիմնադիր, մարքեթինգի մասնագետ Ռոման Դանեղյանի խոսքով՝ Հայաստանում մարքեթինգի ոլորտում կան շատ մարտահրավերներ: Այս ուղղության մեջ Հայաստանը դեռ հասունացման փուլում է: Հայաստանում մարքեթինգի ոլորտում, և ոչ միայն, բացակայում է առողջ քննադատության մթնոլորտը:

337782098_1374505930053670_3883900215379663196_n.jpg (48 KB)

«Մենք սովոր չենք առանց վատախոսելու անկեղծ կարծիք արտահայտել ինչ-որ բանի մասին, որը կլինի կառուցողական բնույթի: Առողջ քննադատությունն ամենակարևոր կտորն է մարքեթինգում, ինչու ոչ՝ նաև այլ ոլորտներում: Կարծում եմ կոնֆերանսի շրջանակներում այս ուղղությամբ ևս զարգացում կունենանք»,- ասաց Դանեղյանը:

Նրա խոսքով՝ կոնֆերանսը նաև լավ հարթակ է նեթվորքինգի համար: Դանեղյանը նշեց՝ նախորդ երկու տարիներին նեթվորքինգը ամենակարևոր կտորներից է եղել, ինքն էլ մասնակիցներից շատ է լսել, որ կոնֆերանսը նաև դրա համար են կարևորում:

«Մարքեթինգային աշխարհի ներկայացուցիչների ամենամյա կոնֆերասն այս տարի մի փոքր այլ ձևաչափ է ստացել: Եթե նախորդ տարիներին կոնֆերանսի մի քանի պանելային քննարկումներ էին, ապա այս անգամ ամբողջ կոնֆերանսը կառուցել ենք 1 ժամանոց պանելային քննարկումների վրա: Պանելային քննարկումներին բանախոսները կարող են փոխանակել կարծիքներ, հանգել նոր գաղափարների ու դրանք փոխանցել լսարանին»,- ասաց Դանեղյանը:

Կոնֆերանսին կլինեն պանելային քննարկումներ մարքեթինգում ձախողումների, ֆինանսների, բովանդակության ստեղծման, անձնական բրենդինգի, ինֆլյուանսերների, մարքեթինգում կրթության և կարիերայի և այլ թեմաների շուրջ:

337832206_773644217358020_3303846363516569642_n.jpg (70 KB)

«Թեմաներն ընտրվել են նախորդ տարիների մեր մասնակիցների ֆիդբեքի հիման վրա: Նաև հաշվի ենք առել այս պահին աշխարհում թրենդային թեմաները: Թեմաները շատ ընդգրկուն են: Դրանք կհետաքրքրեն փոքր բիզնես ունեցող սեփականատերերից մինչև ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին և նորաձևությամբ հետաքրքրված անձանց: Ընդհանուր առմամբ ակնկալում ենք մոտ 500 մասնակցի»,- ասաց Դանեղյանը:

Եզրափակելով խոսքը՝ Դանեղյանն ընդգծեց, որ Հայաստանում մարքեթինգը զարգանալու հեռանկարներ ունի: Նրա համոզմամբ՝ ոլորտն արագ զարգանում է ու պետք է դրան զուգընթաց շարժվել ու չվախենալ նորարություններ կիրառելուց:

«Լիահույս եմ, որ 3 տարի հետո կունենանք մեր երազած մարքեթինգային ոլորտը, որով կկարողանանք մրցել միջազգային շուկայում: Եթե նման կոնֆերանսներ շատ լինեն, սկսնակներն ու որոշակի փորձառություն ունեցողները կկարողանան շփվել արդեն փորձառու մասնագետների, բիզնես սեփականատերերի հետ, որն էլ միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա ոլորտի վրա»,- եզրափակեց նա:

Կոնֆերանսը կկայանա ապրիլի 15-ին: MMR2023-ի բանախոսներն են SmartClick AI և ViralMango ընկերությունների համահիմնադիր Ռեմ Դարբինյանը, Krisp, 10Web ընկերությունների և BigStory վենչուրային ֆոնդի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը, Renderforest ընկերության համահիմնադիր Նարեկ Սաֆարյանը, TCF, Prelaunch ընկերությունների գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը, reArmenia հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը, Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը, 4u.am-ի համահիմնադիր Ժենյա Ղազարյանը, մի շարք բլոգերներ, հաղորդավարներ, ոլորտի ներկայացուցիչներ:

Կարինե Տերտերյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում