Համագործակցությունը համատեղելը չի կարող խնդիր հանդիսանալ․ Սիմոնյանը՝ ԵՄ-ի և ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին
2 րոպեի ընթերցում
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունը լքելու միտում չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի առնչությամբ գործընթացին:
Այդ գործընթացը նա համարեց ՀՀ ժողովրդի կամքը:
«Եվ մենք այդ կամքը ՀՀ ԱԺ–ում քննարկելու ենք, քվեարկելու ենք և որոշում ենք կայացնելու: Դրանից հետո պարզ կլինի: Բայց ես չեմ կարծում, թե ռուսական կողմը պետք է դրա հետ կապված այդքան մեծ մտահոգություններ ունենա: Չեմ կարծում, որ համագործակցությունը համատեղելը որևիցե ձևով կարող է խնդիր հանդիսանալ: Եթե իրենց համար դա խնդիր է, ապա ըստ իս՝ չկա այնպիսի խնդիր, որ հայկական և ռուսական կողմը չեն կարող իրար հետ քննարկել ու լուծումներ գտնել»,–ասաց ԱԺ նախագահը:
Նա շեշտեց՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, Հայաստանն ինքն է որոշում, թե ինչ օրենք ընդունի, ինչն է բխում իր շահերից, ինչը՝ ոչ:
«ԵԱՏՄ–ն Հայաստանին տնտեսական առումով ձեռնտու կառույց է, և մենք այն լքելու որևիցե միտում չունենք: Ուզում ենք շարունակել»,–նշեց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով Ռուսաստանի վերաբերյալ հարցադրումներին՝ Սիմոնյանն ընդգծեց.
«Այն, ինչ ՌԴ-ն մեր տարածաշրջանում Հայաստանի առումով կորցնում է՝ Ռուսաստանի քայլերի պատճառով է, Ռուսաստանի՝ մեզ տարածաշրջանում մենակ թողնելու և տարածաշրջանից հեռանալու պատճառով»:
Նա շեշտեց՝ սխալ է Հայաստանին մեղադրել, որ փորձում է իր անվտանգությունն, իր գոյությունն ապահովել:
ՀՀ կառավարությունը դրական դիրքորոշում էր ներկայացրել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը Ազգային ժողով է ներկայացրել «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։