Երևան

ՔՊ-ն նոր փոփոխություններ է խոստանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգում

3 րոպեի ընթերցում

ՔՊ-ն նոր փոփոխություններ է խոստանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգում

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտնել է, որ առաջիկայում նոր փոփոխություններ են արվելու հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգում՝ հիմնված քաղաքացիների բողոքների և առաջարկների վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ մասին հայտարարություն է տարածել։ 

Հայտարարության մեջ նշվում է, որ ընդդիմությունը միասնական տոմսային համակարգին այլընտրանքային լուծումներ չի առաջարկում, այլ պարզապես օգտագործում է մարդկանց զգացմունքները՝ բողոքի ալիք բարձրացնելու նպատակով։ 

«Միասնական տոմսային համակարգը շարունակաբար զարգացող և կատարելագործվող համակարգ է, ինչը ենթադրում է, որ առաջիկայում ավագանու նիստերում հնարավոր է հաճախ լինեն փոփոխություններ և լրացումներ։ Փետրվարի 11-ի նիստի օրակարգում նույնպես նախատեսվում է ներկայացնել փոփոխություններ, որոնք ձևավորվել են քաղաքացիների բողոքների և առաջարկների հիման վրա։ Մանրամասների մասին կհայտարարվի առաջիկայում։ Մենք չենք շեղվելու մեր նպատակից և չենք դադարի աշխատել հանուն քաղաքի զարգացման։ Ժամանակը ցույց կտա, որ այս որոշումն եղել է ճիշտ»,- ասված է հայտարարության մեջ։ 

2025 թվականի փետրվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որով երևանցիներին առաջարկվում են հանրային տրանսպորտից օգտվելու տոմսային տարբեր փաթեթներ։ Քաղաքացիներին փետրվարի 1-ից առաջարկվում են ամսական (9000), եռամսյա (24000 դրամ), տարեկան (90000) փաթեթներ: Բացի այդ, քաղաքացիները հնարավորություն կունենան գնել 90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորություն տվող տոմս (300 դրամ), 1 օրվա ընթացքում 8 ուղևորության հնարավորություն տվող տոմս (900 դրամ), 7 օրվա ընթացքում 30 ուղևորության տոմս (5000 դրամ)։ Քաղաքացիները հնարավորություն կունենան նաև գնել 10 ուղևորության հնարավորություն տվող տոմս (2200 դրամ)։  Ամսական, եռամսյա և տարեկան փաթեթների դեպքում համապատասխան ժամկետում ուղևորությունների քանակն անսահմանափակ է։ 

Առաջարկվող փաթեթներից քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվել 2025 թվականի հունվարի 1-ից, սակայն մինչև փետրվարի 1-ն ուժի մեջ կլինի մեկ ուղևորությունը 100 դրամ սակագինը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում