Տարածաշրջանային

Թուրքիայում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում մարտի 18-ից սկսվել է նախագահի և խորհրդարանի նախընտրական քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև մայիսի 13-ը, երբ կհայտարարվի «լռության օր»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Եթե նախագահի ընտրության երկրորդ փուլ անհրաժեշտ լինի, այն տեղի կունենա մայիսի 28-ին։

Երկրի նախագահի պաշտոնում թեկնածուների գրանցումը կմեկնարկի մարտի 19-ին ու կշարունակվի մինչև մարտի 23-ը։

Իշխող «Ազգային դաշինք»-ի կողմից նախագահի թեկնածու է առաջադրվելու գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա հիմնական հակառակորդը լինելու է ընդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50%-ը։ Հակառակ դեպքում նախատեսվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջինում ամենաշատ քվեներ ստացած երկու թեկնածուները։ Երկրորդ փուլում ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն հինգ տարով ընտրվում է Թուրքիայի նախագահ։ Նախագահի թեկնածու կարող է առաջադրել խորհրդարանական ընտրություններում 5%-ից ավելի ձայներ հավաքած կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը։ Անկախ թեկնածուները ի պաշտպանություն իրենց պետք է հավաքեն 100 հազար ստորագրություն։

Նախորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի հունիսի 24-ին։ Այդ ընտրություններում հաղթել էր Էրդողանը՝ հավաքելով ձայների 52,6%-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում