Հասարակական

Ավելի արդյունավետ սովորենք հոգեբանության միջոցով

8 րոպեի ընթերցում

Ավելի արդյունավետ սովորենք հոգեբանության միջոցով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննաշրջանի սկսվելուն պես շատ ուսանողներ ծանր սթրես են տանում, քանի որ շատերը քննությանը պատրաստվելը թողնում են վերջին օրերին և նյութն արագ յուրացնելուց հետո նույնքան արագ էլ մոռանում: Շատ ուսումնասիրություններ փաստում են, որ կան մեթոդներ, որոնք օգնում են ավելի լավ յուրացնել նյութը: Հոգեբան Լիլիթ Վարդանյանի հետ կզրուցենք սովորելու արդյունավետ մեթոդների մասին և կփորձենք հասկանալ, թե ինչո՞ւ մեզ դեռ մանկուց չեն սովորեցնում սովորել:

- Սովորաբար կարճ ժամանակահատվածում յուրացված նյութը նույնքան հեշտ էլ մոռացվում է, ինչպե՞ս նյութը ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ հիշողության մեջ պահենք:

- Ճիշտ նկատեցիք, որոշ ուսանողներ քննական նյութը յուրացնելը թողնում են վերջին օրվան, այն անգիր են անում և դա հիմնավորված գիտելիքի չի վերածվում: Խորհուրդ կտայի առանձնացնել նյութի ամենակարևոր բառերը, որոնք ասոցիատիվ հիշողության միջոցով կկարողանանք մտապահել: Նյութը մասերի բաժանելը և վերնագրելը նույնպես արդյունավետ է, քանի որ այս դեպքում նույնպես գործ ունենք ասոցիատիվ հիշողության հետ, նյութի յուրաքանչյուր հատվածի վերնագիրը կարդալիս կհիշենք, թե ինչ էինք կարդացել այդ վերնագրի տակ:

- Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մեզ մանկուց չեն սովորեցնում սովորել:

- Համակարգն ի սկզբանե սխալ է դրված, կա կարծրատիպ, որ եթե ինչ-որ բանը անգիր գիտես, ուրեմն լավ գիտես, ինքս իմ պրակտիկայում անգիր չեմ պահանջում, դրա փոխարեն հարցնում եմ` ի՞նչ հասկացաք նյութից, ի՞նչ ինքնավերլուծություն ունեք նյութից: Նկատել եմ, որ հիմա անգիր անելուց հրաժարվելու միտում կա, քանի որ հիմնականում բառապաշար յուրացնելու համար են անգիրներ հանձնարարում:

- Ինչպե՞ս եք անում, որ Ձեր ուսանողները նյութը չեն թողնում քննաշրջանի մոտ օրերին:

-Եթե ուսանողը սիստեմատիկ աշխատանք տանի կիսամյակի ընթացքում, նման խնդիր չի առաջանա, ես ուսանողներիս գործնական առաջադրանքներ եմ տալիս: Սա պարտավորեցնում է ուսանողին, որ կրկնի անցած նյութերը: Երբ առաջադրանքները գնահատվում են, հարցաշարից մի շարք հարցեր դուրս են գալիս, սա էլ թեթևացնում է քննությանը պատրաստվելը:

- Երբ ուսումնասիրում էի թեման, մի մեթոդի հանդիպեցի, ըստ որի, եթե սովորողը պատրաստվում է օրինակ` մաթեմատիկայի և բնագիտության քննության, նյութը լավ յուրացնելու համար կարող է որոշ ժամանակ մեկը պարապել և հետո կտրուկ անցնել մյուսին, ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է այս մեթոդը արդյունավետ:

- Մեր ուղեղը շատ շուտ հոգնում է ինֆորմացիայից և չի կարող երկար ժամանակ կենտրոնանալ մեկ նյութի վրա: Կարծում եմ, որ ուղեղին անընդհատ նոր ինֆորմացիա տալով՝ մենք շահագրգռում ենք այն և ավելի շատ տրամադրում նոր ինֆորմացիան ընկալելուն:

- Խմբով պարապմունքնե՞րն են առավել արդյունավետ, թե առանձին:

- Խմբային պարապմունքների ժամանակ մենք կարող ենք իրար հարցեր տալ, ստանալ հետադարձ կապ, թիմ ձևավորել, սովորել աշխատանքի ճիշտ բաժանում անել, բայց շատ ուսանողներ եմ ունեցել, որ մոտեցել և խնդրել են առանձին անել աշխատանքը, սա, գուցե, ավելի ժամանակատար է, բայց հնարավորություն է տալիս կողքից նկատել այնպիսի բաներ, որոնք չէիր նկատի թիմում աշխատելու դեպքում:

- Որքանո՞վ են ապրումներն ու միջավայրը ազդում սովորելու արդյունավետության վրա:

-Մի այցելու ունեի, ում մայրը պատմում էր, որ հենց պատրաստվում էին պարապել, երեխան սկսում էր լաց լինել, այս դեպքում դասապրոցեսը զուգորդվում էր զայրույթի, տհաճության ապրումներով: Դասը պետք է հետաքրքրի երեխային և նա ցանկանա նոր բաներ սովորել, սրա համար պետք է այնպես անել, որ նա սիրի առարկան: Այս դեպքում էներգետիկ հոսք է առաջանում և պարապելը դառնում է հաճելի գործընթաց:

Սովորողին կարող են մոտիվացնել շատ փոքր բաները, անգամ հասարակ գրիչն ու նոր տետրը: Յուրաքանչյուրս տարբեր կերպ ենք սկսում պարապել, օրինակ` մարդիկ կան, որ սկսում են պարապել մեկ բաժակ սուրճի ուղեկցությամբ կամ գրասեղանը դասավորելով, ուստի դրական էմոցիաները հսկայական նշանակություն ունեն:

- Հետաքրքիր է` Դուք ի՞նչ մեթոդներ էիք կիրառում, երբ ուսանող էիք:

- Կան մարդիկ, ովքեր նյութը մեկ անգամ տեսնելուց հետո անմիջապես մտապահում են, ինձ մոտ դա չէր ստացվում, ես պետք է իմ ձայնը լսեի, ուստի նյութերը բարձրաձայն կարդում էի: Յուրաքանչյուրս պետք է փորձենք և հասկանանք, թե մեզ մոտ հիշողության ո՞ր տեսակն է առավել զարգացած` տեսողակա՞նը, թե՞ լսողականը:

- Ինչ-որ բան կավելացնե՞ք:

- Քննությունն ընդամենը գիտելիքների ստուգում է, այն չպետք է այդքան սթրեսային լինի, կարծում եմ` դեռ պետք է աշխատենք այս կարծրատիպի վրա: Ես կառաջարկեի, որ ուսանողը քննաշրջանին պատրաստվելը չթողներ վերջին օրերին, այլ ընթացքում աշխատեր, քանի որ ով ժամանակին աշխատում է և ընթացիկ առաջադրանքները կատարում, երբևէ խնդիր չի ունենում, հակառակ դեպքում հանձնարարականները կուտակվում են և առաջանում է տագնապի զգացողություն:

Եվս մի քանի մեթոդներ, որ կօգնեն Ձեզ

Քենթի պետական համլսարանի փիլիսոփայության դոկտոր Ջոն Դունլոսկին և Օրեգոնի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ծրագրի ղեկավար փիլիսոփայության դոկտոր Ռեգան Դուրունգը նույնպես հետաքրքրվել են այս խնդրով և տասնամյակներ տևած հետազոտությունների արդյունքում բացահայտել են մի քանի արդյունավետ մեթոդներ, որոնք կօգնեն Ձեզ սովորել:

«Փորձնական քննություն անցկացրե'ք. երբ կրկնում եք Ձեր կարդացածը, այն շատ ավելի խորն է տպավորվում»,- նշում է դոկտոր Ջոն Դունլոսկին:

Սովորածը ինքներդ ձեզ բացատրե'ք. ի՞նչ եք կարծում, արդյո՞ք տարբերություն կա օրինակ` բազմապատկման աղյուսակը և ինչ որ ավելի խորը ընկալում պահանջող նյութ սովորելու մեթոդերի միջև. պարզվում է, որ կա: Դոկտոր Ջոն Դունլոսկին և դոկտոր Ռեգան Դուրունգը պարզել են, որ, եթե լսարանում լսածդ կամ գրքում կարդացածդ որոշ ժամանակ հետո ինքդ քեզ պատմես, ինֆորմացիան շատ ավելի խորը կտպավորվի:

«Նշումներ արե'ք. երբ մենք նշումներ ենք անում, ինֆորմացիան ինքնին դասավորվում է մեր գլխում»,- հավաստիացնում է դոկտոր Դուրունգը:

Բայց հարց է ծագում. արդյո՞ք տարբերություն կա, թե նշումները ինչ եղանակով են արվում` էլեկրոնային գաջեթներո՞վ, թե ձեռքով: Այլ հետազոտություններ պարզել են, որ գրիչով գրելը ուղեղի այնպիսի մասեր է ակտիվացնում, որոնք չեն ակտիվանում համակարգչով նշումներ անելու դեպքում:

Մասնագետները փաստում են, որ, եթե սովորելու գործընթացը ձեզ բարդ է թվում ու երկար ժամանակ ու ջանք է պահանջում, ուրեմն դուք ճիշտ ուղու վրա եք: Օգտագործելով վերոնշյալ մեթոդները` դուք կկարողանաք մի քանի անգամ ավելի արդյունավետ դարձնել ինֆորմացիայի ընկալումը: Վերջում նշեմ ևս մեկ կարևոր մեթոդի մասին, հավատացե'ք սեփական ուժերին:

Անի Հովհաննիսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում