Տարածաշրջանային

Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկին քննադատել է Շվեդիային և Ֆինլանդիային

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկին քննադատել է Շվեդիային և Ֆինլանդիային

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին անդրադարձել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին և քննադատել այս երկրներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Habertürk-ը:

«Շվեդիան և Ֆինլանդիան ցանկանում են համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ պաշտպանելու իրենց պետությունները, բայց մենք էլ ցանկանում ենք նրանց օգնությունը ահաբեկչության դեմ պայքարում։ Նրանք մեզանից աջակցություն են խնդրում իրենց անվտանգությունն ապահովելու համար, սակայն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում մեր խնդրանքները մերժվում են»,-ասել է թուրք նախարարը։

Աքարը նշել է, որ իրենց համար անընդունելի է Ղուրանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի առնչությամբ Շվեդիայի անգործությունը։

«Նրանք ստոր, ամոթալի գործողություններ են անում մեր նախագահի, Ղուրանի, մեր դրոշի, սուրբ արժեքների դեմ։ Եվ մենք չենք կարող ընդունել նրանց անգործությունն ու լռությունը նման բաների վերաբերյալ։ Մեր դիրքորոշումը պարզ է: Մենք ակնկալում ենք, որ նրանք վերջ դնեն սրան և կատարեն իրենց պարտավորությունները մեր հանդեպ»,- ասել է նա:

Թուրքիայի և Շվեդիայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին Թուրքիայի կառավարության հունվարի 23-ի նիստում ընդգրկված է Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ հարցի քննարկումը:

Թուրքիայում շարունակվում են Շվեդիայում Ղուրանի այրման դեպքի հետ կապված բողոքի ակցիաները: Բողոքի ակցիաներին մասնակցող իսլամական ծայրահեղականներից երկուսը հարձակվել են Ստամբուլում Շվեդիայի հյուպատոսության վրա և վնասել մուտքին փակցված վահանակը:

Ակցիաներ են տեղի ունենում նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում