Քաղաքականություն

Վարչապետը հայտնեց, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հայտնեց, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Հայաստանը հասու բոլոր միջոցներով կաջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշմանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պաշտոնական Երևանը ի՞նչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։

«Մենք առաջնային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը և կարևոր ենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը կխոսի այդ բոլոր թեմաների մասին։ Իրենք պետք է որոշումներ կայացնեն, և մենք իրենց կաջակցենք մեզ հասու բոլոր միջոցներով։ Մենք այսօր ապահովում ենք հումանիտար, ֆինանսական հարցերը, ինչով կկարողանանք՝ կաջակցենք։ Մեր դիրքորոշումը սա է»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի կարծիքով՝ խնդիրներից մեկը, որ էական ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա, այն է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցային գործընթացից դուրս է հանել և նրանց փոխարեն որոշում է կայացրել։

«Ոչ, մենք չենք կարող որոշել իրենց փոխարեն։ Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, մենք էլ պետք է նրանց աջակցենք»,- եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում