Քաղաքականություն

Ռուբինյանի տեղեկություններով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հաղորդագրության նախագիծը քննարկման փուլում է

2 րոպեի ընթերցում

Ռուբինյանի տեղեկություններով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հաղորդագրության նախագիծը քննարկման փուլում է

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքները՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ռուբինյանի կարծիքով՝ նիստը հաջող անցավ և գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները ֆիքսեցին, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը պետք է դադարի և կոչ արեցին Ադրբեջանին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարության այն դրույթի, ըստ որի Լաչինի միջանցքը պետք է ապահովի անխափան կապ Արցախի և Հայաստանի միջև:

«Գիտեք, որ նիստի սկզբում ներկայացվեց, որ կա մամլո հաղորդագրության նախագիծ, որը պետք է քննարկվեր: Իմ տեղեկություններով՝ այն քննարկման փուլում է հիմա, և կտեսնենք ինչ արդյունքներ կլինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուբինյանը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը չի փակել, և երրորդ երկրներն են այս իրավիճակով շահագրգռված: Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի Ադրբեջանի ներկայացուցիչը, Ռուբինյանը պատասխանեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչը նկատի ունի Ռուսաստանին:

«Դա ադրբեջանական կեղծ քարոզչական թեզ է, որը նրանք օգտագործում են տարբեր հարթակներում: Ի դեպ, կոնկրետ այս դեպքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում էր Ադրբեջանի ներկայացուցիչը խոսում, այդ իսկ պատճառով ուղիղ չասացին, որ Ռուսաստանին են մեղադրում: Այլ հարթակներում բացեիբաց մեղադրում են, բայց դա, բնականաբար, չի համապատասխանում իրականության, և Լաչինի միջանցքը ապօրինաբար արգելափակել է Ադրբեջանը»,- եզրափակեց Ռուբինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում