Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 23 մլրդ 50 մլն դրամով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 23 մլրդ 50 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 2023 թվականի բյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար նախատեսվել է 250 մլրդ 30 մլն դրամ, որը 23,5 միլիարդ դրամով ավելին է 2022 թվականի հաստատված բյուջեից: Այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում ներկայացնելով ԿԳՄՍ ոլորտային հատկացումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարարի խոսքով՝ միջոցների մեծ մասը հատկացվում է կրթության ոլորտին: «Մարդկային կապիտալը մեր հիմնական ազգային հարստությունն է, և մեր ջանքերն ուղղված են դրա զարգացմանն ու բազմապատկմանը: Այդ գործում մեր նախարարությունը գլխավոր դերակատարներից մեկն է: Հաջորդ տարի ԿԳՄՍ նախարարության ընդհանուր բյուջեն կավելանա շուրջ 23,05 միլիարդ դրամով, որից 8 միլիարդը կուղղվի կրթության և սպորտի ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերին: Նախարարության համակարգման ոլորտներից առաջնայինը կրթությունն է՝ հատկապես հանրակրթությունը: Կրթության ոլորտին հատկացվում է միջոցների մեծ մասը: Այս տարվա նկատմամբ աճը կազմում է 9,01 % կամ 16 միլիարդ դրամ, որն առաջնահերթ ուղղվելու է հանրակրթության ոլորտին»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Նա հավելել է, որ 2023 թվականի ծրագրով կնորոգվեն 70-ից ավելի դպրոցներ և 19 նախակրթարաններ։ Նա նկատել է, որ շարունակվելու է ուսուցիչների մասնագիտական առաջխաղացումը խթանող քաղաքականությունը՝ ապահովելով դրան համապատասխան վարձատրություն: «Մասնավորապես՝

1,6 մլրդ դրամի հավելավճարներ կտրամադրվեն գյուղական համայնքներում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների 4418 ուսուցիչներին, որոնց վարձատրությունն անկախ տարիֆիկացիոն ծանրաբեռնվածությունից կհաշվարկվի 1 դրույքի չափով,

2,9 մլրդ դրամի լրացուցիչ հավելավճարներ կտրամադրվեն հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաների 8135 ուսուցիչներին՝ խրախուսելով նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ և լրացնելով առկա թափուր տեղերը,

փոքրաթիվ աշակերտներով դպրոցներում կվերանայվի բազմահամակազմ դպրոցների սկզբունքը՝ տարբեր դասարանների երեխաների ուսումնառությունը միավորելով միայն արվեստի և ֆիզիկական կուլտուրայի դասաժամերին: Նմանօրինակ դպրոցներում աշխատող ուսուցիչներին 1 դասաժամի համար կտրամադրվի 50 կամ 70 տոկոսի չափ հավելավճար՝ կախված դասարանների թվից: Ծրագիրը կմեկնարկի Սյունիքի մարզից,

4 մլրդ դրամ կհատկացվի կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների հավելյալ վարձատրության համար,

2,07 մլրդ դրամ կհատկացվի 100 դպրոցներում ժամանակակից ուսումնական լաբորատորիաների  ձեռքբերմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ 2023 թվականին 70-ից ավելի հանրակրթական դպրոցներ կլինեն կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման փուլում, որից 4-ը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ. դրանցում ներառված են նաև մարզադահլիճները: Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում մինչև 2025 թ. նախատեսվում է ևս 5 նոր մասնագիտության ներդրում՝ աշխատաշուկայի պահանջներից ելնելով:

Ըստ նրա՝ կառուցման և նախագծման փուլում են 19 մոդուլային մանկապարտեզներ, որոնցից 9-ում աշխատանքները կավարտվեն այս տարի: Պետությունը կապահովի նաև սոցիալապես խոցելի խմբերի ավելի քան 17 հազար երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Նախարարության տեղեկացմամբ՝ անդրադառնալով բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի ֆինանսավորմանը՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ այն կուղղվի խոցելի խմբերի երիտասարդների, այդ թվում՝ մարտական գործողությունների մասնակից սովորողների ուսման վարձի փոխհատուցմանը: Կշարունակվեն ոլորտային որակավորումների մշակման և ներդրման աշխատանքները: «Աշխատանքներ կտարվեն արդյունքային ցուցանիշների հիմքով բուհերի ֆինանսավորմանն անցնելու ուղղությամբ, 3 բուհերում փորձնական կներդրվի այդ համակարգը»,- տեղեկացրել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ նշված ուղղությունների համար լրացուցիչ կհատկացվի 25 միլիոն դրամ:

Օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդումը ներկայում իրականացվում է 9 պետությունների 11 կառույցներում, ծրագրում ընդգրկված են շուրջ 200 ուսանող և հետազոտող: Նախարարի խոսքով՝  նախատեսվում է այդ ծրագրի շրջանակը ընդլայնել՝  տարեկան ընդգրկելով 2 կառույց: Գալիք տարի ծրագրին կմիանան Ալիկանտեի (Իսպանիա) և Բռնոյի (Չեխիա) համալսարանները:

«Գիտության ոլորտում նախատեսված են հետևյալ միջոցառումները՝

գիտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով վերականգնում,

գիտական սարքավորումների համատեղ օգտագործման կենտրոնների ստեղծում և գիտական կենտրրոնների վերանորոգում,

գիտական կադրերի համապատասխան ատեստավորում,

արտերկրի գիտնականների հայաստանյան գիտական տարածքում ինտեգրման դրամաշնորհային ծրագրերի իրականացում,

հեռավար ղեկավարվող լաբորատորիաների հիմնադրում,

արտերկրի լավագույն գիտական կենտրոններում գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման միջին ու երկարաժամկետ ծրագրերի իրականացում»,- հայտնում են գերատեսչությունից՝ հավելելով, որ ոլորտի զարգացման համար նոր և շարունակական միջոցառումներ իրականացնելու նպատակով 2023 թ. համար նախատեսվում է տրամադրել 29,8 միլիարդ դրամ, որը 16 տոկոսով ավելի է 2022 թվականի ֆինանսավորման ծավալից:

Նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվելիք աշխատանքներին. «Մշակույթի ոլորտում շուրջ 1 մլրդ դրամի աճը կուղղվի երկու թանգարանի և մեկ պատկերասրահի հիմնանորոգման աշխատանքներին, ինչպես նաև հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը և հիմնանորոգմանը: Հավելյալ շուրջ 370 մլն դրամ կհատկացվի կինո, ֆոտո և ֆոնո հավաքածուի՝ միջազգային չափանիշներին հարիր թվայնացմանը, ինչպես նաև կինոնկարների արտադրությանը»:

Նախարարի խոսքով՝ սպորտի ոլորտում կապահովվի մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից մարզիկների պատրաստումը, ՀՀ առաջնությունների անցկացումը, ինչպես նաև Օլիմպիական, Պարալիմպիկ խաղերին, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և միջազգային այլ մրցաշարերին մասնակցությունը: Բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները, մարզիչները և բժիշկները դրամական աջակցություն կստանան պետության կողմից: 2023 թվականին Երևանում կանցկացվի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, ինչպես նաև կապահովվի ԱՊՀ խաղերին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը: Նախատեսվում է նաև 100 մլն դրամ արժողությամբ գույք հատկացնել ուսումնական հաստատություններին և մարզական ֆեդերացիաներին»,- ասել է Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում առողջ ապրելակերպի գաղափարի արմատավորման նպատակով կշարունակվեն «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող միջոցառումները՝ 5 մարզաձևերից անցկացվող մրցաշարերով: 2023 թվականին կավարտվեն Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի երկու մարզադահլիճների վերանորոգման աշխատանքները: Հաջորդ տարի կշարունակվեն նաև հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի, Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցների կառուցման աշխատանքները:

«Երիտասարդության ոլորտում 2023 թվականին նախատեսված են հետևյալ միջոցառումները՝

համայնքներում 2 երիտասարդական կենտրոնների ստեղծում,

երիտասարդների իրազեկությանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ավելի քան 1 տասնյակ ծրագրեր,

«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան պետական ներդրումային ծրագիր»՝ 2023 թվականի կատարողական ցուցանիշ սահմանելով 7935 շահառու ընտանիքներ»,- տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ հավելելով, որ 2023 թվականին շուրջ 40 միլիոնով աճ է նախատեսվել նաև միջազգային համագործակցության և սփյուռքի աջակցության ծրագրերով, ինչը պայմանավորված է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ցանցի ընդլայնմամբ և վերապատրաստվող սփյուռքահայ ուսուցիչների թվի աճով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am