Նախատեսվում է Սպիտակում 36 ընտանիքի համար նոր բազմաբնակարան շենք կառուցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակարանային ապահովում ծրագրի շրջանակներում իրականացվելու են 201 ընտանիքների բնակարանային ապահովման, բնակարանային պայմանների բարելավման աջակցությանն ուղղված աշխատանքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Ծրագրի շրջանակներում կբարելավվեն 100 զոհված, մահացած, առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային պայմանները: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում վթարային շենքի փոխարեն կկառուցվի նոր բազմաբնակարան շենք 36 ընտանիքի համար»,- ասաց Մկրտչյանը: