Ծովինար գյուղի մանկապարտեզի հիմնանորոգումն ավարտական փուլում է
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի մանկապարտեզի հիմնանորոգումը մոտենում է ավարտական փուլին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2019 թվականից եւ ընթացել մի քանի փուլերով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
2019 թվականին Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգմանը հատկացվել է 28,8 միլիոն, 2020 թվականին՝ 40 միլիոն, 2021 թվականին՝ 28,5 միլիոն, 2022 թվականին՝ 61,5 միլիոն դրամ։ Նախորդ երեք տարիների ընթացքում ավարտի են հասցվել հիմնանորոգման, ինչպես նաև ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները, իսկ այս տարվա տրամադրած միջոցներով այժմ ընթանում են բակային տարածքի բարեկարգման, խաղահրապարակի եւ սեպտիկ հորի կառուցման աշխատանքները, որոնք ավարտի կհասցվեն նոյեմբեր ամսի ընթացքում։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կոթաշին» ՍՊԸ-ն։
Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգման 2022 թվականի ավարտական փուլի համար հատկացվել է 61,5 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքների ավարտից եւ գույքի ձեռքբերումից հետո Ծովինարի մանկապարտեզն իր դռները կբացի գյուղի՝ նախադպրոցական տարիքի 100 երեխայի առջեւ։
«Ծովինարի մանկապարտեզի գործունեությունը դադարեցվել է 2005 թվականից՝ շենքային անբավարար պայմանների պատճառով։ Վերջին 3 տարիների ընթացքում շենքի հիմնանորոգումն ընթացել է անխափան, արդեն մոտենում ենք ավարտական փուլին։ Այս տարի հատկացված 61,5 միլիոն դրամից գույքի ձեռքբերմանն ուղղվում է 20 միլիոն դրամ, իսկ մնացած գումարը ծախսվում է տարածքի բարեկարգման, խաղահրապարակի եւ սեպտիկ հորի կառուցման ուղղությամբ։ 2022 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են մոտ 60 տոկոսով։ Լիահույս ենք, որ մինչեւ տարեվերջ կավարտվեն բոլոր տեսակի աշխատանքները, եւ տեւական ընդմիջումից հետո մեր գյուղի մանկապարտեզը կվերսկսի իր գործունեությունը»,-ներկայացրեց Ծովինար գյուղի վարչական ղեկավար Արայիկ Թարփոշյանը։
Խոսրով Խլղաթյան