Հասարակական

Գունավոր ու հեքիաթային օդապարիկները Գառնիի երկնքում. շարունակվում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» միջազգային փառատոնը

3 րոպեի ընթերցում

Գունավոր ու հեքիաթային օդապարիկները Գառնիի երկնքում. շարունակվում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու օր է՝ ինչ Գառնիի երկինքը զարդարում են գունավոր օդապարիկները. «Բացահայտիր Հայաստանը երկնքից» Օդագնացության միջազգային փառատոնի շրջանակում մեկ տեղում հավաքվել էին հայ և ռուս զբոսաշրջիկները:

1500-3100 մետր բարձրության վրա շուրջ 1 ժամ տևած ուղևորության ընթացքում «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է թռիչքը իրականացնող օդաչու Ալեքսանդր Ֆյոդորովի հետ, ով պատմեց, որ սկսել է օդապարիկներով հետաքրքրվել 2013 թվականից: «2013 թվականին ես և եղբայրս սկսեցինք հետաքրքրվել օդապարիկներով, որից հետո մեզ միացավ նաև իմ կինը՝ Մարինա Ֆյոդորովան, ով նաև ռեկորդակիր է: Իսկ այժմ սա դարձել է մեր սիրելի զբաղմունքներից մեկը»,- ասաց նա:

Անդրադառնալով փառատոնին՝ Ալեքսանդր Ֆյոդորովը ընդգծեց, որ առաջին անգամ է Հայաստանում, և թռիչքների համար այստեղ շատ գեղեցիկ վայրեր կան: «Ես կարծում եմ, որ նման փառատոնները պետք է անպայման իրականացվեն, քանի որ ճանաչում ես երկիրը, նոր ընկերներ ես ձեռք բերում և մտերմանում: Այժմ շատ են բացասական լուրերը, իսկ սա ուրախ ու գունավոր փառատոն է, որը ուրախ տրամադրություն է փոխանցում: Եվ ես կարծում եմ՝ ամեն դեպքում դրականը պետք է բոլորի կյանքում ավելի շատ լինի»,-ասաց օդաչուն:

Skyball ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն էլ ընդգծեց, որ փառատոնը պետք է անցկացվեր հոկտեմբերի 13-16-ն ընկած ժամանակահատվածում, սակայն, եղանակային պայմաններից ելնելով, 1 օր շուտ են սկսել։ Առաջիկա երկու օրը կրկին թռիչքներ չեն լինի, քանի որ անձրևներ են սպասվում, սակայն, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 15-ին և 16-ին փառատոնը կշարունակվի Գառնիում, ինչպես նաև Երևանում։

Թռիչքի ավարտից հետո, ավանդույթի համաձայն, փառատոնի բոլոր մասնակիցներին տրվում են վկայականներ այն մասին, որ նրանք համարվում են օդապարիկավար, ապա իրականցվում է արարողակարգ, նրանց համար ովքեր առաջին անգամ են թռչում՝ այրելով նրանց մազերից մի փոքրիկ փունջ, քանի որ կրակի շնորհիվ է, որ հնարավոր է լինում օդ բարձրանալ և մնալ այնտեղ:

Դրանից հետո մասնակիցներն անպայման վայելում են մեկ գավաթ շամպայն՝ նշելով բարեհաջող թռիչքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում