Արծվանիստում կառուցվող ոռոգման նոր ջրատարից օգտվելու են բոլոր տնտեսությունները
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն երեք շաբաթ է, ինչ ընթանում են ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ոռոգման ջրատարի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 26 միլիոն 684 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Օրիոն Ալֆա» ՍՊԸ-ն։
Ոռոգման ջրատարը կառուցվում է «Կասագոր» կոչվող հատվածում՝ 724 գծամետր երկարությամբ, երկաթբետոնյա վաքերով։ 2022 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ արդեն շինարարական աշխատանքներն ավարտված են մոտ 60 տոկոսով։
«Արծվանիստի ոռոգման համակարգի կառուցման նախագիծը հաստատվել է այս տարի եւ ներառվել 2022 թվականի պետական ծրագրերում։ Լեռնային այս հատվածում, 700-800 մետր երկարությամբ հողե առվով հոսող ջուրն ուներ մեծ կորուստ՝ ջուրը գրեթե ամբողջովին ներծծվում էր դրենաժային հողի մեջ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո արդեն ոռոգման ջուրը Արծվանիստի տնտեսություններին կմատակարարվի անկորուստ եւ ժամանակին։ Նոր կառուցվող ջրատարից օգտվելու են Արծվանիստ գյուղի բոլոր տնտեսությունները»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան