Հասարակական

Գրիգոր Բեքմեզյանը դադարեցրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները

2 րոպեի ընթերցում

Գրիգոր Բեքմեզյանը դադարեցրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրիգոր Բեքմեզյանը դադարեցրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բեքմեզյանը հաղորդագրություն է զետեղել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

Նա նշել է, որ համապատասխան դիմումն արդեն ներկայացրել է Խորհրդին։

«Պատճառները, կարծում եմ, խորքային են և ինստիտուցիոնալ։ Համաձայն չլինելով վերջին ամիսներին Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ՝ փորձել եմ իմ լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում ամեն կերպ բացառել կամ կանխել Խորհրդի ու դատական իշխանության անկախությունը վնասող տարբեր գործընթացները։ Որպես խորհրդի անդամ կաշկանդված լինելով օրենքով նախատեսված սահմանափակումներով՝ չեմ կարողացել հրապարակայնացնել այն մտահոգություններս, որոնք առաջացել են Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձություններից, սակայն միևնույն ժամանակ, որպես Խորհդի անդամ՝ ամեն ինչ արել եմ կանխելու կամ մեղմացնելու այն գործընթացները, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ Խորհրդի գործունեության վրա։ Ինչ-որ տեղ հաջողել եմ, ինչ-որ տեղ՝ ոչ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բեքմեզյանը շեշտել է, որ իր մտահոգությունների մասին հայտնել է գործընկերներին, պատկան մարմիններին, վերջին շրջանի հարցազրույցների ժամանակ բարակ կարմիր թելով ցույց է տվել մտահոգությունները, քանի որ մշտապես ունեցել է մեկ սկզբունք՝ չստել, դեմագոգիայով չզբաղվել, այլ ասել այն, ինչ զգում եմ, տեսնում եմ, կամ այն, ինչ մտահոգում է։ «Ինձ միշտ հույս է տվել նաև այն հանգամանքը, որ Խորհուրդը կոլեգիալ մարմին է, և մեկ կամ երկու անդամը չեն կարող որոշիչ ձայն ունենալ և բոլոր դեպքերում պարտադրել իրենց համար ցանկալի որոշումները»,-նշել է նա:

Բեքմեզյանն ընդգծել է, որ վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվել է, որ Բարձրագույն դատական խորհուրդն այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում