«Երևան Օփեն» շախմատային մրցաշարին մասնակցում են 15 երկրի 292 ներկայացուցիչ. մեկնարկը տրվեց խորհրդանշական քայլերով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկեց «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարում ուժերը կչափեն 15 երկրից ավելի քան 292 շախմատիստներ, որոնցից 55-ը միջազգային կարգի վարպետ են, 22-ը՝ գրոսմայստեր: Մասնակիցներ են ժամանել՝ Իրանից, Վրաստանից, Ռուսասատանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։
«Այս մրցաշարը և այսօրինակ մրցաշարերը պետք է ավանդույթ դառնան մեզ և շախմատային հանրության համար: Կարևոր է հասկանալ շախմատ խաղի իմաստն, էությունը և ողջ փիլիսոփայությունը: Կարևոր են այն ուղերձները, որոնք մենք՝ հայերս պիտի հղենք Հայաստան ժամանած միջազգային գրոսմայստերներին, շախմատիսներին: Կա կարծիք, որ շախմատը ճարպկության, մոլորեցնելու, կոծկելու մասին է, մինչդեռ, եթե շախմատը լիներ լոկ չոր հաշվարկների մասին և դրա տակ չլիներ տրամաբանություն, հեռատեսություն, հանջուրժողականություն և ստեղծագործ միտք, ապա շախմատը չէր լինի այն խաղը, որ մենք այսօր ունենք: Կարևորում ենք, որ խաղի կանոնները երբեմն տարածվեն նաև մեր առօրյա կյանքում: Պետք է մտքի ուժը գերակա լինի բազկի ուժին»,- նշեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
3 խաղատախտակի վրա խորհրդանշական առաջին քայլը կատարեցին Մխիթար Հայրապետյանը, Վահրամ Դումանյանն ու Տիգրան Ավինյանը: Երևան Օփենի հերթական` թվով 4-րդ ստուգատեսի ընթացքում 9 տուր շարունակ տարբեր երկրների ուժեղագույն շախմատիստներ կպայքարեն լավագույնի կոչման, նաև՝ մրցանակային տեղերի համար:
«Աշխարհում միայն 4 երկիր է կարողացել ամբողջ պատմության ընթացքում 3 և ավելի անգամ նվաճել շախմատային Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Եվ այդ 4 երկրներից մեկը Հայաստանն է: Մենք հպարտանում ենք աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակով: Բոլորը գիտեն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հայկական ծագման մասին: Խորհրդային Միության հավաքականի կազմում երկու անգամ շախմատի օլիմպիադայի չեմպիոն է դարձել Ռաֆայել Վահանյանը, աշխարհի կրկնակի գավաթակիր է Լևոն Արոնյանը: Շատ երկար է մեր մյուս հրաշալի գրոսմայստերների ցուցակը, որոնք փառք են բերել մեր երկրին»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշեց, որ լինելով շախմատային երկիր՝ Հայաստանը պետք է այսպիսի մրցաշարեր կազմակերպի, որ պատանիները, երիտասարդները, անգամ գրոսմայստերները շատ խաղալու հնարավորություն ունենան: Մեկ բան է գնալ երկրից դուրս խաղալ, մեկ այլ բան է տանը խաղալ՝ սեփական պատերի ներքո:
Մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է: Կպարգրևատրվեն 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ, մրցանակներ են սահմանված նաև կանանց 1-ին և 2-րդ տեղը գրաված մասնակիցներ համար, 50-ից բարձր տարիքի շախմատիստների շրջանակում լավագույն արդյունքը գրանցած շախմատիստը ևս կստանա մրցանակ: Մրցանակի կարժանանա նաև Բ խմբում մինչև 10 տարեկանների խմբում հաղթող մասնակիցը։