Երևանում բացվող «Մաթիկո» մաթեմատիկայի ամերիկյան դպրոցն անվճար կլինի վիրավոր և զոհված զինվորների ընտանիքների համար
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կբացվի Նյու Յորքում հիմնադրված 2-12 րդ դասարանի աշակերտների համար խորացված մաթեմատիկայի «Մաթիկո» դպրոցի մասնաճյուղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն անվճար կլինի վիրավոր և զոհված հայ զինվորների ընտանիքների անդամների համար: Նրանք հնարավորություն կունենան մասնակցելու անգլերենի լիարժեք դասընթացների, կգործի Սինգապուրի մաթեմատիկայի խորացված դպրոցական ծրագիրը, Մաթեմատիկայի ազգային և միջազգային օլիմպիադայի դասընթացներ կանցկացվեն:
«Մաթիկո»-ն գործում է Միացյալ Նահանգներում՝ 2012 թվականից: Դպրոցում ուսուցումն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչը թույլ է տալիս պատրաստել ուսանողների, որոնք կարող են դիմել միջազգային լավագույն համալսարաններ: «Մաթիկո»-ն աշակերտներին պատրաստում է այնպիսի միջազգային օլիմպիադաների և մրցաշարերի, ինչպիսիք են մաթեմատիկայի ամերիկյան և Հարվարդի MIT մաթեմատիկայի մրցաշարերը:
«Տարրական և միջին դասարանների աշակերտներին դպրոցն առաջարկում է Space Panda Math, Math Kangaroo, MOEMS, Mathcounts և շատ այլ մրցաշարերի մասնակցություն»,- Ասաց «Մաթիկո» դպրոցի հիմնադիր Սամվել Սահակյանը:
Դասերն անցկացվելու են անգլերեն` ԱՄՆ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված կրթական ծրագրերով: Դասընթացներն օգնում են երեխաներին գնահատել սեփական գիտելիքները, բացահայտել սխալները, ստանալ մնայուն գիտելիքներ և հմտություններ ամբողջ կյանքի համար՝ անկախ իրենց մասնագիտությունից:
«Ուրիշ բան է, որ ուսանողն անգլերեն է սովորում, մեկ այլ բան է, որ անգլերենով սովորում են ինչ-որ առարկա: Երբ ուրիշ լեզվով առարկա է դասավանդվում, ուսանողը սկսում է մտածել անգլերեն: Գրականությունը և նյութերը անգլերեն են, միայն կարդալ ու հասկանալը քիչ է երեխան պետք է կարողանա մտածել այդ լեզվով, որպեսզի կարողանա իր ցանկացած ոլորտում կայանալ»,- ասաց հիմնադիրը:
Հոկտեմբերի 8-ին և 10-ին դպրոցը կհայտարարի բաց դռների օր: Կրթական ծրագիրն անցկացվելու է հիմնական ուսուցմանը զուգահեռ ու չի խանգարելու հանրակրթական դպրոցի ուսուցման ծրագրին:
Կարինե Տերտերյան