Ծովինար գյուղում ասֆալտապատվում է 11 փողոց
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ 11 փողոցներում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 2 կիլոմետր, մակերեսը՝ շուրջ 6 հազար քառակուսի մետր։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 100 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է հիմնանորոգել Ծովինար գյուղի 2-րդ թաղամասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 3-րդ թաղամասի 6-րդ, 10-րդ, 15-րդ, 5-րդ թաղամասի 2-րդ եւ 3-րդ փողոցները։
2022 թվականի հոկտեմբերի 4-ի դրությամբ արդեն ավարտված են հողային աշխատանքները, տեղադրված է ավազակոպճային շերտը, ճանապարհները նախապատրաստվում են ասֆալտապատման։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում Ծովինար գյուղի կենտրոնական ճանապարհին հարող երեք թաղամասերի 11 փողոցների բնակիչները կունենան բարեկարգված ու ասֆալտապատ ճանապարհներ։
Խոսրով Խլղաթյան