Հասարակական

Կառավարությունը Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում գերակա շահ է ճանաչել Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամասեր

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում գերակա շահ է ճանաչել Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամասեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում գերակա շահ է ճանաչել Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամասեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Մասնավորապես, ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու համար Կառավարությունը գերակա շահ է ճանաչել ՀՀ Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուր 33 հողամասեր:

«Առաջարկում ենք ծրագրի 3 բաղադրիչում իրականացրել մի շարք հողամասերի գերակա շահ ճանաչելու գործընթաց: Սա շարունակական գործընթաց է, պարբերաբար իրականացվում է: Հիմա ունենք այս հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհին մուտքերի որոշակի կարգավորումների կարիք և այդ հատվածներում գերակա շահ ճանաչելու անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ՝ երկու մարզերում 33 հողակտորի մասին է խոսքը, որպեսզի աշխատանքները բնականոն հունով ընթանան»,- ասաց Գնել Սանոսյանը:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվում են Մ 1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցման աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում