Հասարակական

Սյունեցիներն ապրում են՝ հետևելով արծիվների թռիչքի բարձրությանը. թշնամու հարձակմանը ենթարկված Սյունիքը թևաթափ չի լինում

7 րոպեի ընթերցում

Սյունեցիներն ապրում են՝ հետևելով արծիվների թռիչքի բարձրությանը. թշնամու հարձակմանը ենթարկված Սյունիքը թևաթափ չի լինում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքում թշնամու ԱԹՍ-ներից պաշտպանվելու ձևը սովորել են. եթե արծիվները ցածր են թռչում, ուրեմն գլխավերևում անօդաչու է հայտնվել։ Այս օրերին հենց այդպես էլ ապրում են սյունեցիները՝ հետևելով արծիվների թռիչքի բարձրությանը:

Հայ և արտասահմանցի լրագրողները, որոնց շարքում էր նաև «Արմենպրես»-ի նկարահանող խումբը, սեպտեմբերի 15-ին այցելեցին հակառակորդի թիրախում հայտնված հերթական հայկական մարզ. այս անգամ Սյունյաց աշխարհում ենք, որն այդպես էլ մի մեծ ու ցանկալի պատառի պես շարունակում է մնալ թշնամու կոկորդին:

Չնայած սահմանին տիրող լարվածությանն ու գյուղերի ռմբակոծությանը՝ համայնքները դատարկված չեն. գյուղերում տների մի մասը քանդված, բայց լքված չեն:

Սյունիքի մարզի 2000-ից ավելի բնակիչ ունեցող Վերիշեն համայնքից Եպրաքսյա Զադայանի տունը գյուղի այն 4 տներից է, որոնք սեպտեմբերի 12-ի կեսգիշերին թիրախավորվեցին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից։ Տանտիրուհին պատմում է՝ արթնացել են հրթիռների ձայներից ու անմիջապես իջել տան նկուղ: Սակայն Զադայանների բախտը չի բերել, գիշերը ժամը 1:10-ին հերթական հրթիռը պայթել է տան նկուղի հարևանությամբ, որտեղ այդ պահին գտնվում էին տիկին Եպրաքսյան, ամուսինն ու հարսը: Բարեբախտաբար, ընտանիքի անդամները ֆիզիկապես չեն տուժել:

«Կարևորն այն է, որ մեզ ոչինչ չի պատահել, նույնիսկ խուճապի չենք մատնվել»,- ասում է տանտիկինը՝ ցույց տալով նկուղի քանդված պատը:

Վերիշենի բնակիչներից Հարությունյանների տան մի ամբողջ հատված վերից վար քանդված է: Թշնամու կողմից արձակված հրետանային արկը տանիքից մտել է, անցել տան միջով ու հայտնվել նկուղում: Հարությունյանների 4 հոգանոց ընտանիքի կրտսերը ներկա պահին զարմիկի հետ ծառայության մեջ է, ընտանիքի 3 անդամների բախտն էլ այնքանով է բերել, որ այդ պահին որպես ապաստարան նկուղն ընտրած չեն եղել, այլ վայրում են թաքնվել:

«Կրակոցները սկզբում ավելի թույլ էին, հետո կամաց-կամաց ինտենսիվ դարձան, ու գիշերվա ժամը 01:10-01:20-ի հատվածում գյուղն արդեն հրետակոծվում ու հրթիռակոծվում էր: Առաջին արկերից մեկն ընկավ մեր տան վրա: Բախտներս բերել է, որ այն տան մեջ չի պայթել, այլ՝ նկուղում, հակառակ դեպքում կարող էր մեծ հրդեհ բռնկվել՝ առաջացնելով էլ ավելի մեծ ավերածություններ»,- լրագրողներին պատմեց ընտանիքի ավագ որդին՝ Գուրգենը:

Ընտանիքը պայթյունից հետո առաջացած վառոդի հոտի, փոշու, ծխի պատճառով մոտ 2 ժամ տուն մտնել չի կարողացել: Հարությունյանների տունն արդեն վթարային է դարձել, բայց դա նրանց չի ընկճել:

«Թող պատերազմներն ավարտվեն միայն շինությունների փլուզմամբ»,- ասում է ուսուցիչ Գուրգենն ու ցանկություն հայտնում, որ երբեք չունենանք այնպիսի կորուստներ, որոնք անդառնալի են: 23-ամյա երիտասարդն ընդգծում է՝ իրենք ոչ մի պարագայում չեն լքելու իրենց տունն ու գյուղը, Հայաստանի հիմնասյունն ու ողնաշարը հանդիսացող Սյունիքը:Հատկանշական է, որ Գուրգենի մայրը զինվորական է:

Մարզի 1000-ից ավելի բնակիչ ունեցող Ակներ գյուղում գտնվող Սալբոնցների տունն իսկական մարտադաշտ էր հիշեցնում: Ամբողջ տան գետինը ծածկված էր կոտրված պատուհանների ապակիներով ու արկի բեկորներով: Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից րոպեներ անց, երբ կրակոցները սկսվել են, Սալբոնցների ընտանիքը տեղափոխվել է հարևանի տուն: Ընտանիքների տղամարդիկ պատշգամբում են եղել, իրենց գյուղի վրա եկող արկերի ուղղություններին էին հետևում, երբ հերթական պայթյունից հետո Էդգար Սալբոնցը նկատեց՝ արկն իր տան վրա է ընկել՝ առաջացնելով նաև հրդեհ: Հիմա Սալբոնցները չեն կարողանում իրենց տանը մնալ. այն պայթյունի հետևանքով ավերվել է, ԱԻՆ-ի հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում՝ ամբողջովին ջրվել:

«Մեծ ծախս է, ամբողջ տանիքը չկա: Տունը նաև ջրի մեջ է: Հիմա հարևանի տանն ենք մնում, մինչև մեր տունը կարգի բերենք»,- ցույց է տալիս Էդգար Սալբոնցն ու շեշտում՝ ինքն իր գյուղից մի քայլ անգամ դուրս չի դնելու:

Ակներում ևս 4 տուն է վնասվել, գյուղում մինչև Ադրբեջանի ագրեսիան՝ ճանապարհներն էին ասֆալտապատում: Ներկա պահին ճանապարհաշինարարական աշխատանքները դադարեցվել են. դրսում մարդիկ չեն հավաքվում, որ չթիրախավորվեն:

Լրագրողների այցելած հաջորդ համայնքը Նորավանն էր: Գյուղի ճանապարհից արդեն իսկ նկատելի էր՝ քաղաքացիական ենթակառուցվածքները հրետակոծված են, գյուղ մտնող գազատարի մոտ էլ մասնագետներն էին աշխատում՝ վնասված գազատարն էին վերանորոգում:

Նորավանի նախկին վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը շեշտում է՝ ագրեսիայի առաջին իսկ օրից իրենց գյուղն ինտենսիվ ռմբակոծվել է, վնասվել են գազատարը, հոսանքի լարերը: Գյուղ մտնող ճանապարհին փոսեր են գոյացել: Նորավանից միայն երեխաներին են տարհանել:

Նորավանը սեպտեմբերի 14-ին քաղաքացիական զոհ է ունեցել, երիտասարդ տղայի կյանքի թելը կտրվել է հրադադարի հաստատումից ժամեր առաջ:

«Մի հերոս տղա էր, այս ամբողջ ընթացքում շտապօգնությանն օգնել է, վիրավորների է դուրս բերել, կյանքեր է փրկել, բայց իր կյանքը փրկել չկարողացավ… Տարբեր զբաղմունքներ է ունեցել, բայց վերջին շրջանում անասնապահությամբ էր զբաղվում: Այդ օրն էլ իր գործին էր»,- ափսոսանք հայտնեց Սլավիկ Պապյանը:

Ագրեսիայի առաջին օրը Նորավանում մեկ խաղաղ բնակիչ էր վիրավորվել: Նաև նյութական վնասներ կան՝ քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել ու գյուղտեխնիկա:

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն:Դրանցից 60-ն ամբողջությամբ վնասվել է:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում