Փոխվարչապետը Հայաստանում գործող օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր
2 րոպեի ընթերցում
![Փոխվարչապետը Հայաստանում գործող օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1091892.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 7-ին «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների երկու տասնյակը գերազանցող ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, հանդիպման նպատակը Հայաստանում գործունեություն ծավալելիս, հատկապես պետական մարմինների հետ շփումների ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների վերհանումն ու Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերի քննարկումն էր:
Հանդիպմանը մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք:
Փոխվարչապետ Մաթևոսյանը հարցուպատասխանի ձևաչափով լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, պատասխանել դրանց և նշել, որ պետական մարմինների հետ կապված առկա հարցերի վերաբերյալ լուծումները կգտնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:
Ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հայաստանի Կառավարությանն ու ժողովրդին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար և հիմնականում ընդգծել, որ Հայաստանում իրենց գործունեությունը շարունակելու ու ավելի շատ աշխատակիցներ ներգրավելու նպատակ ունեն: