Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

«Նոր գիրք»-31/22. Թոփուզյան, Օե, Պողոսյան, Մելքոնյան

«Նոր գիրք»-31/22.  Թոփուզյան, Օե, Պողոսյան, Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Նարեկ Թոփուզյան, «Երբ երազն անհետացավ»

Նարեկ Թոփուզյանի «Երբ երազն անհետացավ» պատմվածքների ժողովածուն հետխորհրդային երկրի մասին է, որն օրեցօր անհետանում է հորիզոնում՝ որպես միրաժ, ինչպես «Երազ» մեքենան՝ տեղը զիջելով սոցիալական նոր հարաբերություններին, կյանքի նոր հայեցակարգերին, նոր խնդիրներին ու բարքերին: Տեքստի առանցքում մարդն է, որն իրականությունը շոշափելու ճանապարհներ է փնտրում, երկու հասարակարգերի միջև ձգվող միջավայրում իր հասանելիք ժամանակն ապրելու համար: Գիրքը լույս է ընծայել «Գրանիշ»-ը:

Թարգմանական գրականություն. Կենձաբուրո Օե, «Ինձ պաշարեցին ջրերը մինչև հոգիս»

«Ինձ պաշարեցին ջրերը մինչև հոգիս» վեպը ճապոնացի հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեի ամենահայտնի գործն է: Առանցքում մարդու և հասարակության, մեծահասակների և երեխաների հարաբերություններն են, իսկ վերնագիրը մեջբերում է Աստվածաշնչի Հովնանի գրքից: Այդ կերպ գրողը վեպի տարածություն է բերում քրիստոնեության ճապոնական ավանդույթները, որոնք վեպում պատկերվում են չափազանց սուր և ցնցող նրբերանգներով:

Թարգմանությունը ճապոներենից` Աստղիկ Հովհաննիսյանի: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Նաիրա Պողոսյան, Ռուբեն Մելքոնյան, «Փախուստ Էրգրից»

Ի՞նչ եղավ այն հայերի հետ, որոնք 1915 թվականին մնացին Օսմանյան կայսրությունում։ Պետական ի՞նչ քաղաքականություն էր որդեգրել Թուրքիան՝ նրանց նկատմամբ։ Ինչպե՞ս ստացվեց, որ 1920 թվականից հետո Խորհրդային Միությունն ուսումնասիրում էր Կարսի և Սևրի դաշնագրերը և լրջորեն քննարկում Կարսն ու Արդահանը Թուրքիայից հետ պահանջելու խնդիրը։

Խորհրդային Հայաստանի ներգաղթի հայտարարությունն ինչո՞ւ հայտնվեց Խորհրդային Միության և Թուրքիայի՝ պատմական դիմակայության, բայց քաղաքական նոր կարգով և մեթոդներով ձևավորվող հարաբերությունների ճիշտ մեջտեղում և ամենավտանգավոր կետում։

Գիրք, որին սպասում էին հատկապես նրանք, ովքեր նկատում էին թուրք պատմաբանների ակտիվ աշխատանքն արխիվներում։ Այն արխիվներում, որտեղ հնարավոր է գտնել փաստաթղթեր ու տեղեկություններ Հայոց ցեղասպանության, փրկվածների և ժառանգների մասին։ Այս անգամ արխիվներում մանրամասն և խնամքով աշխատել են երկու հայ թուրքագետներ։

Նրանք գտել և ներկայացնում են «խիստ գաղտնի» դասիչի ներքո պահված ու մինչև այս անհայտ տեղեկություններ այն հայերի մասին, որոնք բռնեցին էրգրից Հայաստան «փախուստի» ճանապարհը։ Ինչու և ինչպես՝ որոշեցին, եկան և մնացին. այս գրքում պատմում են հենց իրենք՝ Թուրքիայի հայերը և նրանց սերունդները։ Ցեղասպանության տրավմայից մինչև Հայաստանում գետոյացման գործընթաց. ինչերի միջով են անցել հայրենադարձները։

Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am