Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ՔՊ-ն հավելյալ ջանքեր կգործադրի ՏԻՄ ընտրությունները մաքսիմալ ազատ և թափանցիկ անցկացնելու համար. Արսեն Թորոսյան

ՔՊ-ն հավելյալ ջանքեր կգործադրի ՏԻՄ ընտրությունները մաքսիմալ ազատ և 
թափանցիկ անցկացնելու համար. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 25-ին 18 խոշորացված համայնքներում  տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց ակտիվ մասնակցություն է ունենալու նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:  ՔՊ նախընտրական աշխատանքները համակարգելու է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը:

«Արմեպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արսեն Թորոսյանը ներկայացրեց, թե ՔՊ-ն որ համայնքներում է պայքարելու, ինչ աշխատանքներ են տարվում և ինչպես է պատգամավորը գնահատում նախընտրականը ընդհանուր գործընթացը:

«Այս պահի դրությամբ օրենքով սահմանված ժամկետում տեղի է ունենում թեկնածուների համամասնական ցուցակների առաջադրումը, գրանցումը, փաստաթղթերի ճշգրտումը, գրանցումից հետո կանցկացվի վիճակահանություն՝ կտրվեն համարները, իսկ նախընտրական քարոզարշավը կսկսվի օգոստոսի 31-ից: Մեզ համար շատ կարևոր է մեր քաղաքացու քվեի արձանագրումը՝ անկախ նրանից, դա կստանանք մենք, թե մեր մյուս մրցակիցները: Այս առումով հավելյալ ջանքեր ենք գործադրում, որ պրոցեսը տեղի ունենա մաքսիմալ ազատ և թափանցիկ»,- ընդգծեց Թորոսյանը:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը մասնակցում է ընտրություններին 18 խոշորացված համայնքներից 17-ում՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Թալին, Ալագյազ (մեծամասնական ընտարակարգ), Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքներում: «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի մասնակցում միայն Ճամբարակ խոշորացված համայնքում ՏԻմ ընտրություններին:

«Ներկայացրել ենք գրեթե բոլոր փաստաթղթերը, առաջին համարի թեկնածուների անունները, ավագանու ցանկերը: Ես համակարգում եմ այդ ամենը, բայց նաև աշխատանքներ են տարվում  մեծ ներկայացուցչական կազմով Ազգային ժողովից, գործադիր մարմնից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից»,- հավելեց Թորոսյանը:

Պատգամավորը կարծում է, որ ՏԻՄ ընտրություններում  քաղաքացիների ակտիվությունը կախված է տարբեր հանգամանքներից՝ սկսած նրանից, թե քանի՞ թեկնածու կա առաջադրված այս կամ այն համայնքում, քարոզարշավը ի՞նչ ընթացք է ունենալու և վերջացրած, թե ի՞նչ հռետորաբանություն է օգտագործվելու, ինչ հակադրություններ կան մրցակցող քաղաքական ուժերի միջև և այլն:

«Օրինակ, Սիսիան խոշորացված համայնքում, որը, ի դեպ, կրկին խոշորացվում է Գորայք համայնքի հետ, ունենք 7 քաղաքական ուժի առաջադրում: Դա ավտոմատ նշանակելու է շատ բարձր ակտիվություն, որովհետև  բոլորը փորձելու են քվե ստանալ և ներգրավել մարդկանց: Ունենք նաև համայնք, որտեղ մեկ ուժ է ներկայացված, դա օրինակ  Ջրվեժն է:

Իհարկե, պետք է ձգտենք հնարավորինս խրախուսել, խնդրել քաղաքացիներին, որ գան իրենց քվեն տան, որովհետև կարևոր է քաղաքացու քվեի արձանագրումը ընտրությունների լեգիտիմությունը ցույց տալու համար, բայց տարբերությունը ակնհայտ լինելու է»,- ասաց Թորոսյանը:

Պատգամավորը ընդգծեց` որպես քաղաքական հանձնառություն ՔՊ-ն շատ է կարևորում քաղաքական ուժերի լայն մասնակցությունը, որովհետև ինչքան շատ մարդ է մասնակցում ընտրություններին, այնքան ներկայացուցչական և լեգիտիմ են այդ ընտրությունները, հետևաբար՝ որևէ կասկած չի հարցում, որ ընտրված համայնքապետը իրոք ներկայացնում է այդ համայնքի ժողովրդին և նրա շահերը:

Խոսելով ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ծրագրի հիմնական շեշտադրումների մասին՝ Թորոսյանը հայտնեց, որ իշխող ուժը Կառավարության և Ազգային ժողովի մակարդակում ցույց է տվել, որ իրենց  համար համայնքների զարգացումը ամենակարևոր առաջնահերթություններից է:

«Դրանով են նաև պայմանավորված Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, երբ համայնքը և Կառավարությունը մասնակցում են ծրագրերի իրականացմանը՝ կլինի ասֆալտապատում, լուսավորություն, աղբահանություն, մանկապարտեզների վերանորոգում: Տեսնում եք, թե Կառավարության նիստերում ամեն անգամ ինչքան գումար է դրա համար բաշխվում: Դա մեր  կարևոր ուղղություններից մեկն է: Համայնքների զարգացումը իրականացվում է նաև Կառավարության կողմից ուղիղ ծախսերով: Օրինակ՝ մեր կողմից հռչակած հարյուրավոր դպրոցների և մանկապարտեզների կառուցումը, վերանորոգումը և վերակառուցումը ևս համայնքներին է վերաբերվում: Հիմա մեր թեկնածուները ամեն համայնքին  բնորոշ խնդիրները լուծելու հանձնառություն են վերցնում՝ օգտագործելով կենտրոնական հանձնառությունը և դրան անվերապահորեն աջակցելու պատրաստակամություն հայտնելով: Իհարկե, շատ համայնքներում բավականին մեծ առաջընթաց ենք գրանցել և դա ակնառու է, երբ 20-30 տարի չլուծված հարցերը լուծվում են, բայց, իհարկե, կան խնդիրներ, որոնք պետք է վերացնել: Ընտրողներին, կարծես, սիմբիոզի առաջարկ ենք նաև անում, որ համայնք-կենտրոնական իշխանություն աշխատանքը շատ ավելի լավ արդյունքներ կտա, քան եթե դրանք իրարից անջատ աշխատեն»,- եզրափակեց Թորոսյանը:

Հեղինակ՝ Կարեն Խաչատրյան 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյան 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am