Հասարակական

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գյուղմթերքի շուկա է գործում

3 րոպեի ընթերցում

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գյուղմթերքի շուկա է գործում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավթաշենի գյուղմթերքի շուկան արդեն գործում է: Զբոսայգու հարևանությամբ գտնվող շուկա առևտրականները գալիս են ամեն օր՝ առավոտյան ժամը 7-ից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից:

«Իմ աճեցրած ապրանքն եմ այստեղ բերում էջմիածնից ու վաճառում: Մինչև ժամը 12-ը հիմնականում ավարտում եմ առևտուրը»,- նշում է Մերուժան Ասատրյանը:

Ըստ աղբյուրի՝ շուկայի տարածքն առանձնացվել էր մի քանի տարի առաջ, բայց առևտրականներն ապրանքն իրացնելու համար ընտրում էին մարդաշատ մայթերն ու խանութների հարակից տարածքները՝ զբաղվելով բացօթյա ապօրինի առևտրով:

«Մեզ ևս դուր չէր գալիս փողոցում կանգնելն ու առևտուր անելը, բայց ստիպված էինք: Այժմ այստեղ ավելի հարմարավետ է՝ ծածկ կա, տաղավար, մեքենաների կայանման առանձին հատված»,-ասում են առևտրականները:

«Երբ հորդորում էինք դադարեցնել ապօրինի գործունեությունը՝ մեզ վկայակոչում էին այլընտրանքի բացակայությունը, ինչը խոցելի թեմա էր: Մեծ ուժեր կենտրոնացրեցինք, որպեսզի առևտրականները գան այստեղ»,- ասում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրաչյա Հակոբյանը:

Նշվում է, որ շուկայի տարածքը մասնավոր է: Առևտրականները մեկ օրվա համար վճարում են 500-1000 դրամ: Այստեղ միաժամանակ առևտուր կարող է անել 50-70 հոգի: Անհրաժեշտության դեպքում տարածքն ընդլայնելու հնարավորություն էլ կա: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը տարածքի սեփականատիրոջ հետ պայմանավորվել է՝ ավելացնել շուկայի հարմարությունները:

Դավթաշենում հաշվել են՝ բացօթյա ապօրինի առևտրով զբաղվում էր շուրջ 100 առևտրական: Հիմա արդեն թաղամասի կենտրոնական հատվածներում փողոցային առևտուր անողներ չկան, բայց այստեղ չեն շտապում խնդիրը լուծված համարել:

«Որոշ քաղաքացիներ փորձում են անօրինական առևտուրը կազմակերպել բակային տարածքներում, սակայն հսկողություն կսահմանվի, դա էլ կվերանա, և բոլորը կուղղորդվեն շուկաներ»,-ասում է Հրաչյա Հակոբյանը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ խնդիրը վերջնականապես կլուծվի օրենսդրական փոփոխություններից հետո, երբ համայնքն ապրանքն առգրավելու հնարավորություն կունենա: Քաղաքային իշխանությունը զուգահեռ քայլեր է ձեռնարկում՝ Երևանի վարչական շրջանների շուկաների աշխատանքն աշխուժացնելու, նաև նոր փոքր շուկաներ հիմնելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում