Հայաստանում Covid-19-ով վարակվելու դեպքերի աճ է նկատվում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 4115 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1849 դեպք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 2 դեպք:
Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 1352: Ներկայում բուժում է ստանում 2161 քաղաքացի:
Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 165 հազար 287 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 428 հազար 648 դեպք:
Առողջացածների թիվը կազմում է 416 հազար 161, մահացել է 8 հազար 637 քաղաքացի:
Նախորդ 7-օրյա կտրվածքով՝ հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում, թեստավորված 6487 քաղաքացիներից կորոնավիրուսային հիվանդություն հայտնաբերվել էր 1434 հոգու մոտ:
Մինչ այդ տևական ժամանակ դեպքերի թիվը 1000-ի չէր հասնում: