Երևանում ընթացիկ տարում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ընթացիկ տարում նորացնել շուրջ 770 դիտահորի կափարիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 22 դիտահոր էլ կհավասարեցվի ճանապարհներին:
«Երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր իսկական գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը: Չնայած խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, ջրահեռացման կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, այսուհանդերձ համայնքը՝ կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը։ Ընթացիկ տարում մայրաքաղաքում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ, 22 դիտահոր էլ կհավասարեցվի ճանապարհներին»,-ասված է հաղորդագրությունում: