Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների բռնագանձման պահանջով հայցադիմումն ընդունվել է վարույթ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թվականի հունիսի 28-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 12-րդ հայցադիմումը, որն 2022թ. հուլիսի 11-ին ընդունվել է վարույթ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, համաձայն վարույթի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող թվով 28 անշարժ գույք, թվով 16 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.552.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև մասնակցություններ՝ թվով 6 իրավաբանական անձերում,
իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 668.160.803 ՀՀ դրամ փոխառությունների պահանջի իրավունքը,
19.236.606 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 18.656.316 ՀՀ դրամ՝ ավանդների մնացորդ, ինչպես նաև 17.027.871 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
Դատախազությունից հայտնում են, որ առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։