Հայաստանի 27 բնակավայրերում խմելու ջրի մատակարարման ցանցերի և մաքրիչ կայանների վերականգնում ու կառուցում կարվի
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 3 մարզերի 27 բնակավայրերում կվերանորոգվեն խմելու ջրի մատակարարման ցանցերը, կվերանորոգվեն կամ կկառուցվեն ամբողջովին նոր ջրի մաքրիչ կայաններ. խմելու ջրի ցանցերի վերականգնման համար ներդրումային ամբողջ ծրագիրը 6.2 մլրդ դրամի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունը հուլիսի 21-ի նիստում ընդունեց համապատասխան նախագիծը:
«Նախագծով առաջարկում ենք բյուջեի մասին օրենքում կատարել լրացումներ, փոփոխություններ և վերաբաշխում՝ նպատակ ունենալով գնման գործընթաց կազմակերպել: Հայաստանի 3 մարզերի 27 բնակավայրերի համար ամիսներ առաջ հայտարարվել է մրցույթ, որ այդ բնակավայրերում իրականացնենք խմելու ջրի մատակարարման ցանցերի կամ ջրի մաքրիչ կայանների վերանորոգում կամ ամբողջովին նորերի կառուցում: Հիմա, որպեսզի պայմանագրերն ուժի մեջ մտնեն ու շինարարական աշխատանքները սկսվեն, գումար հատկացնելու անհրաժեշտություն կա »,-ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ծրագիրը բավականին մեծ է, նախատեսվում է իրականացնել 2022-2024 թվականների ընթացքում, որի համար կպահանջվի 6 մլրդ 200 մլն դրամ գումար: Այս տարի անհրաժեշտ է հատկացնել 2 մլրդ 468 մլն դրամ, որպեսզի պայմանագրերը կնքվեն, և ծրագրերը սկսեն աշխատել: «Ուստի, այս նախագծով առաջարկում ենք հատկացնել 2 մլրդ 468 մլն դրամ, որից 2 մլրդ 414 մլն դրամը հենց շինարարության համար է, 37 մլն դրամը՝ տեխնիկական հսկողության համար, իսկ 15.8 մլն դրամը՝ հեղինակային հսկողության համար»,-ասաց նախարարը:
Ծրագրերը կիրականացնի Տարածքային զարգացման հիմնադրամը, բայց ծրագրի պատասխանատուն, իրավական կողմը և համաձայնագրեր կնքողը կդառնա Ջրային կոմիտեն:
«Արձանագրենք, որ սրանով մենք 6.2 մլրդ դրամի ներդրումային ծրագիր ենք սկսում՝ խմելու ջրի ցանցերի վերականգնման համար»,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եվ հիմա այդ բնակավայրերից որոշներում, որտեղ ընդհանրապես ջրագիծ չկա, կկառուցվի, իսկ այնտեղ, որտեղ կա, ուղղակի վերակառուցում և նոր ջրագծեր կլինեն:
Վարչապետը նաև ներկայացրեց այդ բնակավայրերը: Հիմնական մասը Արարատի մարզի բնակավայրեր են՝ Արտաշատ և Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Ներքին Դվին, Նոր Ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրին, Սիսավան, Արալեզ, Արբաթ, Խաչփառ և Մխչյան գյուղեր: Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրեր՝ Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիր գյուղ և Սարուխան և Սյունիքի մարզի 2 բնակավայրեր՝ Մեղրի և Ագարակ քաղաքներ:
Սանոսյանը պարզաբանեց նաև, թե ինչու են ընտրվել հենց այդ համայնքները: Նշված բոլոր բնակավայրերը «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տիրույթում են, և կան որոշակի խնդիրներ, որոնք կարգավորելու անհրաժեշտություն կա:
«Արարատի մարզից նշված 20 բնակավայրերի և ևս 50 բնակավայրի, այսինքն՝ մոտ 70 բնակավայրի հիմնականում Գառնիի աղբյուրների ջրով են ջրամատակարարում ապահովում և տեղում պոմպերով: Կան լրջագույն սեզոնային խնդիրներ՝ ջրի քանակի հետ կապված: Այս 20 բնակավայրն այդ 70-ի մեջ ամենավատ վիճակում են, անհրաժեշտություն կա փոխելու»,-ասաց նախարարը:
Իսկ Մեղրիում և Ագարակում ամբողջովին նոր ջրի մաքրման կայաններ կկառուցվեն, օրինակ՝ Ագարակինը կառուցվել էր 60-ական թվականներին, վիճակը նորմալ չէ, հզորությունը չի բավարարում: