ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 15-ին հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։