Քաղաքականություն

Հայ և ադրբեջանցի փորձագետները Մոսկվայում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Հայ և ադրբեջանցի փորձագետները Մոսկվայում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) և Միջազգային հարցերով ռուսական խորհրդի աջակցությամբ հուլիսի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հանդիպումը բացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Բաքվի և Երևանի կողմից համակարգումը համապատասխանաբար իրականացրել են Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը և «Օրբելի» վերլուծական կենտրոնը:

Քննարկմանը փորձագետները հանդես են եկել անձնապես։

Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցեր՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ․նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, ներառյալ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման/սահմանագծման խնդիրները, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարը, ինչպես նաև հումանիտար հարցեր և կողմերի միջև վստահության ամրապնդման հնարավոր միջոցները: Տեղի է ունեցել նաև քննարկում երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում փորձագիտական երկխոսության դերի և նշանակության մասին: Մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումները և համատեղ աշխատանքը «Երկխոսություն խաղաղության շուրջ» եռակողմ փորձագիտական հարթակի շրջանակներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում