Պաշտոնական

Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ բարեկամական, եղբայրական գործընկերությունը. հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի Սավելևը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու  Հայաստանի  հետ բարեկամական, եղբայրական գործընկերությունը. հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի Սավելևը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը գոհունակությամբ նշել է հայ-ռուսական հարաբերություններում արձանագրվող ինտենսիվությունը՝ ի դեմս պաշտոնական հաճախակի այցերի, որոնք ընդգծում են երկկողմ կապերի առանձնահատուկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ոլորտում փոխգործակցությունը և նաև բարձր գնահատել ռուսական կողմի ջանքերն ու օպերատիվ արձագանքը Վերին Լարսի անցակետում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ:

Վիտալի Սավելևը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ջերմ ողջույնները և արդյունավետ գնահատել ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ աշխատանքը: Նա նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ բարեկամական, եղբայրական գործընկերությունն ու փոխշահավետ ծրագրերը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառներում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել ավիացիոն ու ավտոմոբիլային հաղորդակցությանը, հանրային տրանսպորտի ենթակառուցվածքին, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու միջգերատեսչական ակտիվ աշխատանքն այս ուղղություններով: Նշվել է, որ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կնպաստի երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալի աճին, կակտիվացնի տնտեսական շփումները, զբոսաշրջային կապերը:

Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ողջույնները փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում