ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Քրիստոսի արձանի գաղափարի շուրջ քննարկումներին
6 րոպեի ընթերցում
![ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Քրիստոսի արձանի գաղափարի շուրջ քննարկումներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/07/1087996.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ 2022 թվականի փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման գաղափարին՝ նշելով, որ այս պահին դեռ նախագիծ չկա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարության համապատասխան մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն:
«Վարչապետն ընդգծել է, որ գաղափարը կա, սակայն այն պետք է ճանապարհ անցնի և դեռ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Հիմա այդ խնդիրների լուծումն ընթացքի մեջ է: Նախարարությունը հուլիսի 10-ին հաղորդագրություն էր տարածել, որի մեջ հստակ գրված է կարգը և հղումներ են արված այսօրվա գործող կարգերին, օրենսդրությանը: Հույս ունենք, որ գործընթացը կարգին համաձայն կընթանա»,-շեշտեց Դումանյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած քաղաքաշինական հարց պետք է լուծվի կարգին կամ օրենսդրությանը համապատասխան:
Դումանյանը, խոսելով արձանի տեղադրման մասին ոչ որպես ՀՀ ԿԳՄՍ նախարար, այլ որպես ՀՀ քաղաքացի՝ նշեց, որ ոչ մի հիմք չունի ասելու, որ այն խիստ պահանջված է, ոչ էլ հիմքեր ունի արձանի տեղադրումը անթույլատրելի համարելու:
2022 թվականի փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի գրությամբ հիմնադրամին տեղեկացրել էր, որ «… նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»:
Ըստ ԿԳՄՍ պարզաբանման՝ վերոնշյալ գրությունից հետո նշյալ հիմնադրամի կողմից նախարարություն նախագիծ չի ներկայացվել:
«Միևնույն ժամանակ նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ վերոնշյալ ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի հուշարձանների պահպանության մարզային ծառայության աշխատակիցները հնագետի ուղեկցությամբ այցելել են տարածք՝ կատարել համապատասխան ուսումնասիրություններ:
Հիշեցնենք, որ Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ:
Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2019-ին հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց /նորահայտ օբյեկտ/, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից:
Նշյալ նոր հայտնաբերված հնավայր-ամրոցի տարածքում իրականացվել են հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ: Այնուամենայնիվ, անգամ եթե նորահայտ օբյեկտը դեռ ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում, ակնհայտ է, որ այն հնավայր-ամրոց է, և համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման 43-րդ կետի՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազոր մարմնին»:
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի` «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտը ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ: