Տեղի է ունենում երկրակեղևում կուտակված լարումների աստիճանական թուլացում, խուճապի մատնվելու հիմքեր չկան. ԱԻՆ-ը՝ տեղի ունեցած երկրաշարժի մասին
2 րոպեի ընթերցում
![Տեղի է ունենում երկրակեղևում կուտակված լարումների աստիճանական թուլացում, խուճապի մատնվելու հիմքեր չկան. ԱԻՆ-ը՝ տեղի ունեցած երկրաշարժի մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/07/1087991.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն, անդրադառնալով հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից ոչ հեռու տեղի ունեցած 4.4 մագնիտուդով երկրաշարժին, պարզաբանող հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ին փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Արդեն հայտնել ենք, որ ս.թ. հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից ոչ հեռու, տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Այս սեյսմիկ ցնցմանը նախորդել են ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ համալիր մոնիթորինգի դիտացանցի տվյալների անոմալ դրսևորումներ, որոնք բնութագրում են երկրակեղևի լարվածա-դեֆորմացիոն վիճակը և որոնք կուտակվել են ՀՀ տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում` Բավրա գյուղի շրջակայքում: Մեծ է հավանականությունը, որ տարբեր պարամետրերի անոմալ դրսևորումները ռեալիզացվել են նշված երկրաշարժի և նրա բազմաթիվ հետցնցումների ձևով:
Հիմնվելով այն տեղեկատվության վրա, որ վերը նշված անոմալ դրսևորումների քանակը ՀՀ տարածքում ընդհանուր առմամբ նվազել է, իսկ անոմալիաների ինտենսիվությունը` թուլացել, նաև այն փաստի վրա, որ վերը նշված 4.4 մագնիտուդով երկրաշարժին հետևած բոլոր ցնցումներն այս պահի դրությամբ ավելի թույլ են, քան նշված ցնցումը, ենթադրում ենք, որ տեղի է ունենում երկրակեղևում կուտակված լարումների աստիճանական թուլացում: Սա էլ նշանակում է, որ անհանգստանալու և առավել ևս խուճապի մատնվելու հիմքեր չկան»:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հաշվի առնելով 4.4 մագնիտուդով երկրաշարժի ուժը, կարող են լինել նոր ցնցումներ, որոնց մի մասը կզգացվի բնակչության կողմից:
Հուլիսի 11-ին Հայաստան–Վրաստան սահմանային գոտում երեք երկրաշարժ է գրանցվել: