Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թռիչքների ավելացում, տուրօպերատորների փոխադարձ այցեր. ինչ կտա Եգիպտոսի քաղաքացիների համար վիզայի դյուրացումը

Թռիչքների ավելացում, տուրօպերատորների փոխադարձ այցեր. ինչ կտա Եգիպտոսի 
քաղաքացիների համար վիզայի դյուրացումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունները շատ կարևոր քայլ են համարում Եգիպտոսի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը դյուրացնելը: «Անռիվա-Տուր» ընկերությունը, որը «Air Cairo» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, արդեն 5 տարի կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Եգիպտոս: Ընկերությունն ակնկալում է, որ վիզայի դյուրացման քայլը զբոսաշրջային մեծ հոսք կապահովի դեպի Հայաստան:  «Անռիվա-Տուր» ընկերության տնօրեն Լիլիթ Մուրադյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այդ քայլը դրական իմաստով կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:

«Հայաստանից բավական մեծ քանակով զբոսաշրջիկներ ենք տանում Եգիպտոս, շատ ավելի լավ կլինի, որ այնտեղից էլ գան մեր երկիր, հնարավորություն ունենան բացահայտելու այն: Նախկինում մուտքի արտոնագրի բարդ ընթացակարգ էր գործում, հիմա փաստորեն Եգիպտոսի քաղաքացիները վիզայի համար  կարող են դիմել էլեկտրոնային համակարգով, ինչպես նաև այցելել Հայաստանի դիվանագիտական կառույց: Դրանից բացի, Եգիպտոսի այն քաղաքացիները, որոնք ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու մի շարք այլ երկրների վիզա ունեն, կարող են «Զվարթնոց» օդանավակայնում ստանալ ՀՀ մուտքի արտոնագիրը: Ինչպես տեսնում եք, բավական հեշտացվում է գործընթացը: Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում հուլիսի 11-ին, պետք է սպասենք գործարկվի, հասկանանք, թե քանի օրում են պատասխան տալիս, ըստ այդմ էլ, կազմակերպենք մեր աշխատանքը»,-ասաց Լիլիթ Մուրադյանը:

Լիլիթ Մուրադյանը տեղեկացրեց, որ Հայաստանում հանգիստը կազմակերպելու համար Եգիպտոսի քաղաքացիներից բավական շատ հարցումներ են ունեցել, մանավանդ Ամանորի շրջանում: Քանի որ վիզայի նախկին ընթացակարգը բարդ էր, երկար էր տևում, ռիսկերը գնահատելով, չէին կարողանում հասկանալ` ինչպես կարգավորել գործընթացը:

«Հիմա շատ լավ առիթ է, որ Եգիպտոսից մեծ թվով զբոսաշրջիկներ գան Հայաստան: Մեր երկրի, տուրերի մասին տեղեկատվությունը Եգիպտոսում տարածում ենք հայ համայնքի, մեր գործընկեր կազմակերպությունների շնորհիվ: Ուղարկել ենք փաթեթներ միջինացված գներով: Արդեն իսկ աշխատում ենք, հիմա առավել ինտենսիվ դա կանենք, որովհետև ամենամեծ խոչընդոտը վիզաների հետ կապված, կարծես թե, հաղթահարված է»,-ասաց Լիլիթ Մուրադյանը: Նրա խոսքով՝ ուղևորների հոսքի մեծացմանը զուգահեռ դիտարկում են նաև թռիչքների ավելացումը: 

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ևս Եգիպտոսի քաղաքացիների համար ՀՀ վիզայի տրամադրման գործընթացը դյուրացնելը կարևոր քայլ է համարում: Նրա խոսքով` այս ուղղությամբ առաջարկությունը դեռ տարիներ առաջ էր եղել:

«Եգիպտոսը շատ մեծ շուկա է, այն 100 միլիոնից ավելի բնակչություն ունեցող երկիր է: Չմոռանանք, որ պաշտոնական տվյալներով 10 մլն ղպտիներ են ապրում: Շատ աշխատանք ունենք անելու Եգիպտոսի զբոսաշրջիկների ուշադրությունը Հայաստանի վրա հրավիրելու համար: Ասեմ, որ ունենք նախաձեռնություն, որի շրջանակում նախատեսում ենք տուրօպերատորների փոխադարձ ճանաչողական այցեր կազմակերպել: Եգիպտական զբոսաշրջային օպերատորները կգան Հայաստան, կներկայացնենք մեր տուրիստական հնարավորությունները: Ֆեդերացիայի անդամ ընկերությունները հյուրընկալվեն Եգիպտոսում: Այնտեղ կներկայացվեն Եգիպտոսի պատմամշակութային, ճանաչողական տուրիզմի հնարավորությունները, որպեսզի ամբողջ զբոսաշրջային արդյունքին տեղում ծանոթանանք: Փոխադարձ ակտիվությունը մեծ նշանակություն կունենա մեր երկրի տնտեսության վրա: Դեպի Եգիպտոս չվերթներ կազմակերպողները միակողմանի չեն աշխատի, միայն ՀՀ-ից տուրիստ չեն տանի, այլ այնտեղից զբոսաշրջիկներ կբերեն: Արդյունքում կակտիվացվեն ավիափոխադրողները, թռիչքները կլինեն հաճախակի»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նա ընդգծեց, որ Եգիպտոսի զբոսաշրջային շուկայում կա մեծ ներուժ, որն իրացված չէ, այժմ վիզայի հետ կապված գործընթացը դյուրացված է, ինչը լուրջ խթան կհանդիսանա:   

2022 թվականի հուլիսի 11-ից Եգիպտոսի քաղաքացիների համար պարզեցվում է վիզային ռեժիմը։ Մասնավորապես, Եգիպտոսի քաղաքացիներն այլևս ՀՀ ոստիկանության կամ Արտաքին գործերի նախարարության կողմից տրված հրավերի կարիք չեն ունենա։ Այսպիսով, վերոնշյալ օրվանից Եգիպտոսի քաղաքացիները կարող են վիզայի համար դիմել անմիջապես Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ դիվանագիտական ներկայացուցչություն։

Եգիպտոսի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագրի համար դիմել էլեկտրոնային վիզաների համակարգի միջոցով https://evisa.mfa.am/։

Դրանից բացի, Եգիպտոսի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանի սահմանային հսկողության ցանկացած կետ ժամանելուն պես, եթե ունեն կացության կարգավիճակ կամ վիզա՝ հետևյալ երկրներում. ԵՄ անդամ պետություններ, Շենգենյան գոտու երկրներ, ԱՄՆ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կորեայի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Կանադա, Ռուսաստան, Ճապոնիա, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, ԱՄԷ, Կատար, Բահրեյն, Օման։

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]