ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի որոշ բնակավայրերում քրեական հեղինակությունների արձանների առկայությունը հակապետական դրսևորում է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում: Փաշինյանը նշեց, որ Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան:
«Ոչ մեկին չնեղացնենք, բան չասենք, բայց սրանք ի վերջո, հակապետական, ապապետական դրսեւորումներ են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև անընդունելի համարեց մայրուղիների երկայնքով վթարների վայրերում խաչքարերի տեղադրման պրակտիկան: Նրա խոսքով` քաղաքաշինությունը պետական կարևորագույն գործառույթ է, և միշտ չէ, որ տեղադրված խաչերը քրիստոնեության կամ հավատի հետ կապ ունեն:
«Պատկերացրեք բոլոր վթարներից հետո մայրուղիների երկայնքով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ինչ կստացվի արդյունքում: Ավելի լավ է մտածենք՝ ինչ անենք, որ երթեւեկության անվտանգությունը բարձրացնենք, կարգապահությունը բարձրացնենք: Մենք չպետք է խուսափենք գնալ եւ ապամոնտաժել այն ամենը, ինչն ապօրինի է տեղադրված»,-ասաց նա: