Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Երևանում ընդունվել և ներկայացվել են Հայաստանի հանրային ծառայողների վարքագծի կանոնները

Երևանում ընդունվել և ներկայացվել են Հայաստանի հանրային ծառայողների 
վարքագծի կանոնները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 4-ին կայացած բարձրաստիճան համաժողովին ներկայացվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակված և ընդունված՝ հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները։ Տիպային կանոնների հիման վրա Հայաստանի բոլոր պետական հաստատությունների համար կմշակվեն և կընդունվեն վարքագծի հատուկ կանոններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի գրասենյակից,

համաժողովը ազդարարեց այս գործընթացի մեկնարկը։

««Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների ներկայացման բարձրաստիճան համաժողովը» կազմակերպվեց Եվրոպայի խորհդի և ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ)  հետ համատեղ՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի (ԳԼԿ) երկրորդ փուլի՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Վարքագծի տիպային կանոնների մշակումը, խթանումը և իրականացման ուղղորդումը նախատեսված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում՝ որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթ: Ավելին, պետական պաշտոնյաների համար վարքագծի կանոնների ընդունումը Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) կողմից առաջարկվող գործողություններից մեկն է՝ որպես պետական պաշտոնյաների բարեվարքության բարձրացման միջոց:

Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները ԿԿՀ-ի և ԳԼԿ ծրագրի համագործակցության շոշափելի ձեռքբերումներից են, ինչպես նաև մի երկարատև գործընթացի արդյունք, որը սկսվել է 2021թ․-ին և ներառում է 2022թ․-ի փետրվարին տեղի ունեցած կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության և վարքագծի կանոնների վերաբերյալ համաժողովը, ինչպես նաև ազգային մակարդակով խորհրդատվությունների գործընթացի միջոցով շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցության այլ ձևերը, որոնց արդյունքները հաշվի են առնվել տիպային կանոնների վերջնական տարբերակում:

Սույն միջոցառման նպատակն էր ներկայացնել կառավարության մակարդակով պաշտոնապես հաստատված տիպային կանոնները, ընդգծել դրանց էական դերը Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման գործում և  խթանել հաջորդիվ  քայլերը, այն է՝ բոլոր գերատեսչությունների կողմից վարքագծի տիպային կանոնների ներդրումը և հանրային ծառայության բոլոր մակարդակներում կանոնների արդյունավետ կիրառման և  բարեվարքության համակարգային խթանման ուղղորդումը և դասընթացների անցկացումը: ԳԼԿ ծրագիրը կշարունակի աջակցել Հայաստանի իշխանություններին այս գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ արդարադատության նախարարը, Հայաստանում Եվրոպական միության դեսպանը, ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղար, Եվրոպայի խորհրդի Տնտեսական հանցագործությունների և համագործակցության բաժնի ղեկավարը  հանդես են եկել բացման ելույթներով։ Բացման խոսքով հանդես եկողները ընդգծել են վարքային կանոնների կարևորությունը պետական պաշտոնյաների համար՝ կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ Արդարադատության նախարար պրն․ Կարեն Անդրեասյանը ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ձեռնարկելու արդյունավետ հակակոռուպցիոն համակարգի ստեղծման ուղղությամբ հետագա քայլեր՝ համապատասխանելու  եվրոպական չափանիշներին և  հասցեագրելու տվյալ ուղղությամբ ԳՐԵԿՈ-ի առաջարկությունները: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղար, ԵԽ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը խրախուսել են Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ շարունակել կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ և վերահաստատեցին Եվրոպայի խորհրդի և ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի Հանրապետությանը այս գործում։

Նշվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է նոր հաստատված տիպային կանոնների հիմնական բաղադրատարրերը և հանրային ծառայության բոլոր մակարդակներում կանոնների ներդրման և հաստատման, համապատասխան ուղղորդման և դասընթացների անցկացման համար անհրաժեշտ հաջորդ քայլերը։

Միջոցառման մասնակիցները, որոնց թվում էին պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ավելի քան վաթսուն ներկայացուցիչներ, նաև հնարավորություն են ունեցել ծանոթանալու պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների ընդունման և իրականացման  այլ երկրների փորձին և մարտահրավերներին։ Ալբանիայի արդարադատության փոխնախարարը մասնակիցներին ներկայացրել է իր երկրի փորձը այս հարցերի շուրջ։

«Այս հատվածին հաջորդեցին հեռանկարային քննարկումները՝ կենտրոնանալով ընդունված տիպային կանոնների գործնական կիրառման եղանակների և հակակոռուպցիոն այլ մեխանիզմների հետ դրա ինտեգրման վրա՝ ընդհանուր համակարգը ամրապնդելու և ողջ հայ հասարակության մեջ մշակույթի և մտածելակերպի առաջադեմ դրական փոփոխության նպատակով»,- հայտնում են ծրագրի գրասենյակից։ 

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի (ԵՄ/ԵԽ) Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում։  Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից, և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]