Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

O2 Gardens՝ ավելին, քան թթվածին. մեկնարկում է տարածաշրջանում իր տեսակով եզակի մեգանախագիծը

O2 Gardens՝ ավելին, քան թթվածին. մեկնարկում է տարածաշրջանում իր տեսակով 
եզակի մեգանախագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, միմյանցից բաժանեց լույսն ու խավարը, ծովերը, գետերն ու օվկիանոսները, ստեղծեց բուսականությունն ու կենդանական աշխարհը, ապա իր պատկերով արարեց մարդուն և այդ ամենը հանձնեց նրան իշխելու, վայելելու, շենացնելու, աճելու ու բազմանալու համար: Մեծ արարչության վերջում Աստված նայեց և տեսավ, որ ամեն ինչ բարի է և լավ է: Սկզբում, իհարկե, բուսականությունն ավելի առատ էր, կենդանական աշխարհն՝ ավելի հարուստ, մաքուր օդի՝ թթվածնի պակաս, ամենայն հավանականությամբ, չկար: Մարդն ապրում էր դրախտում: Հիմա խնդիրները շատացել են, կանաչ միջավայրերը քչացել են, մարդն ու բնությունն այդ անապակ կուսականությանը վերադառնալու, ավելի առողջ միջավայրում ապրելու կարիքը շատ են զգում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ բնության, բուսականության, թթվածնաշատ միջավայրի այդ կարոտն էր ուրբաթ օրը՝ հունիսի 24-ի զով երեկոյան, տասնյակ ու հարյուրավոր մարդկանց հավաքել Երևանի Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցում գտնվող նորակառույց մի մեծ շինության բակում, որտեղ PROFAL ընկերությունը նախաձեռնել է բնության մեծ արարչագործության շարունակումը՝ իր տեսակով տարածաշրջանում առաջին ու եզակի «O2 Gardens» մեգանախագիծը:

«PROFAL»՝ նշանակում է «պրոֆեսիոնալ ալյումինագործներ»: Ալյումինե և ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատար այս ընկերությունն այս տարի նշում է իր հիմնադրման 20-ամյակը:

PROFAL-ի 20-րդ հոբելյանական տարեդարձի տոնակատարության միջոցառումները մեկնարկեցին հունիսի 24-ին՝ կանաչապատման ուղղությունը ներկայացնող «O2 Gardens» նոր մեգանախագծի բացումով: Իր տարեդարձը նշող խոշոր ընկերությունը նաև այսուհետ հանդես է գալու նոր կարգավիճակով՝ որպես PROFAL GROUP՝ մեկ ընդհանուր բրենդի ներքո միավորելով տարբեր ուղղություններ ներկայացնող «PROFAL» «PROFAL HOME», «ELECTRIX», «ARGO» և «O2 GARDENS» բրենդերը:

Թե ինչու հենց «O2 Gardens»՝ թերևս բացատրելու անհրաժեշտություն չկա: Դեռ դպրոցական դասագրքից գիտենք, որ ըստ Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակի՝ «O2»-ը թթվածինն է՝ լատիներեն «Օքսիգեն» բառից: Բայց ինչպես մայր բնությունը, «O2 Gardens»-ը ավելին է, քան թթվածինը: Հենց սա է նոր նախագծի կարգախոսը:

Նոր մեգանախագծի գաղափարը PROFAL-ի երեք հիմնադիրներից մեկինն է: Մերուժան Ավետիսյանը բույսեր աճեցնելու մեծ հոբբի ունի և երկար տարիներ զբաղվում է բույսերի խնամքով: Հենց նա է այս գաղափարը տվել՝ մեծ նախագծերի շինարարության ժամանակ տեսնելով կանաչի ու բուսականության մշտական պակասը: Ըստ նրա՝ նախագիծն ավարտուն տեսքի բերելուց հետո բնական ձևավորումներն ու կանաչապատումը հնարավորություն են տալիս ավելի «փափկեցնելու» և գեղեցկացնելու այն ներսից և դրսից: Դրա հետ մեկտեղ՝ «O2 Gardens»-ը նաև հեռանկարում սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակ ունի:

«Քանի որ տեսակով մենք արտադրող մարդիկ ենք՝ մեր նպատակը ոչ թե գնել-վաճառելն է, այլ ստեղծելը, արտադրելը», - շեշտում է PROFAL-ի համահիմնադիրը:

«O2 Gardens»-ի բացման հանդիսավոր արարողությունը բարձր մակարդակով էր կազմակերպվել: Հյուրերի ժամանումից, հյուրասիրությունից և շինության ներսում կազմակերպված շոուից հետո սկսվեց միջոցառման պաշտոնական մասը՝ Սրբազան Տեր Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանի օրհնությամբ:

«Թթվածնաշատ այգու» բացմանը ներկա էին շատ ու շատ հայտնի դեմքեր՝ բիզնեսի, մեդիայի, նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, գործընկերներ տեղական և միջազգային կազմակերպություններ, նաև՝ հյուրեր արտերկրից:

Նրանց թվում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա շնորհավորեց PROFAL-ին 20-ամյակի կապակցությամբ՝ շեշտելով, որ PROFAL-ը Հայաստանի խոշոր արդյունաբերական ընկերություններից մեկն է, որը 20 տարվա ընթացքում մեծ նորամուծություններ ու նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրություններ և շինարարություն է իրականացրել:

«Մենք ուրախ ենք, որ PROFAL-ը այսպիսի մեծ հաջողություն է գրանցում՝ ստեղծելով նոր և կրկին նորարարական ընկերություն լանդշաֆտի, բնական ձևավորումների և ընդհանուր առմամբ՝ ինդուստրիալ դիզայնի մեջ: Շատ կարևոր է նման ընկերությունների առաջացումը, որովհետև դրանք մեր երկրում գործող ընկերություններին և բնակելի թաղամասերին, տներին միջազգային մրցունակություն են տալիս», - լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:

PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը իր հերթին ներկայացրեց ընկերության 20-ամյա ճանապարհը, իրականացրած նախագծերն ու ձեռքբերումները՝ շեշտելով, որ իր կարծիքով՝ PROFAL-ի 20 տարվա ամենամեծ ձեռքբերումը առողջ թիմային մթնոլորտն է:

«20 տարվա ընթացքում մենք շատ բան ենք հաղթահարել՝ պատերազմներ, համաճարակ, խորը ճգնաժամեր: Բայց այդ ամենից հետո, այսօր արդեն ավելի հզորացած ու զարգացած՝ մենք խոսում ենք առաջատարի դիրքերից: 20 տարվա ընթացքում իրականացված յուրաքանչյուր նախագիծ կարևոր ու արժեքավոր է մեզ համար: Բոլորիս համար մեծ ձեռքբերում է առաջատար լինելը, ձեռքբերում են այն նախագծերը, որոնք հպարտությամբ եմ ասում, որ մենք ենք իրականացրել: Ձեռքբերում է, որ հայկականը ներկայացնում ենք սահմաններից դուրս: Բայց, այդուհանդերձ, PROFAL-ի 20 տարվա ամենամեծ ձեռքբերումը, ըստ իս, հենց այս առողջ թիմային մթնոլորտն է, որի հիմքը հիմնադիրներն են ձևավորել», - իր ելույթում նշեց ընկերության գլխավոր տնօրենը:

PROFAL-ի միջազգային գործընկերներից ռուսական «Бамстройпуть» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Անտոն Աբդուռահմանովը շատ տպավորված էր կազմակերպած տոնական միջոցառումից և շնորհավորելով PROFAL-ի գործընկերներին՝ իր խոսքում ընդգծեց, որ նրանք իսկական պրոֆեսիոնալներ են, որոնք միշտ ոչ ստանդարտ լուծումներ են գտնում և յուրաքանչյուր խնդրի անհատական մոտեցում են ցուցաբերում: Տեսաուղերձներով իրենց շնորհավորանքներն էին ուղարկել նաև PROFAL-ի միջազգային այլ գործընկերներ Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից, Կարիբյան տարածաշրջանից:

Այսքանով, տոնակատարության պաշտոնական մասն, իհարկե, չավարտվեց: Ի նշանավորումն կարևոր տարեդարձի PROFAL-ի «երեք արմատները»՝ հիմնադիրներ Դավիթ Սաֆարյանը, Գևորգ Դեմիրճյանը և Մերուժան Ավետիսյանը, ընկերության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ արժանացան շնորհակալագրերի: Իսկ ելույթներից հետո սկսվեց միջոցառման թերևս ամենասպասված հատվածն, այսպես ասած՝ «After Party»-ն: Ու ո՛չ փոփոխական եղանակը, ո՛չ երեկոյան զով քամին չխանգարեցին հյուրերի հաճելի ժամանցին ու գեղեցիկ օրվա գեղեցիկ ավարտին:

«More than oxygen» - «Ավելին, քան թթվածին» խորհրդանշական կարգախոսով նոր ընկերությունում՝ O2 Gardens-ում, ներկայացված են լինելու 2000-ից ավել տեսակի բույսեր, թփեր, ծաղիկներ, ծառեր, բույսերի խնամքի պարագաներ: Բուսաբանական այգու կոնցեպտով O2 Gardens-ն ունենալու է երեխաների, ընտանեկան հետաքրքիր ժամանցի համար նախատեսված հատվածներ, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ որտեղ իրականացվելու են ոլորտային տարբեր քննարկումներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ և միջոցառումներ:

PROFAL ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին։ Ակտիվ գործունեության 20 տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնվել է՝ ներկայանալով լայնածավալ արտադրությամբ, բազմապրոֆիլ ծառայություններով և բարձրորակ ապրանքատեսականիով. ալյումինե դռների և պատուհանների, ապակե կոնստրուկցիաների արտադրություն և տեղադրում, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ալուկաբոնդի, ավտոտնակի դարպասների, շերտավարագույրների, դեկորատիվ կոնստրուկցիաների, պերգոլաների և մարկիզաների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների, հատակածածկերի ներկրում և արտադրություն, բնակարանային և գրասենյակային կահույքի արտադրություն և ոճավորում, ավտոմատ ոռոգման համակարգերի մոնտաժում և լանդշաֆտային դիզայնի ծառայություններ: Ընկերությունն այժմ ներկայանում է որպես PROFAL GROUP՝ միավորելով PROFAL, PROFAL HOME, ELECTRIX, ARGO, O2 GARDENS բրենդերը: 2013 թվականից սկսած՝ PROFAL-ն իր արտադրանքն արտահանում է Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան, Վրաստան, Պուերտո Ռիկո, Բերմուդյան կղզիներ:

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]