Համագործակցությունը կծառայի ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների միջոցով առողջապահության զարգացմանը. Արտակ Ջումայանն ու Մայքլ Ֆայնբերգը քննարկում են ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ընդունել է «Netcracker/BostonGene» ընկերությունների համահիմնադիր ու փոխնախագահ Մայքլ Ֆայնբերգին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Առողջապահության նախարարությունից, հյուրը ներկայացրել է, որ ընկերությունը նախատեսում է Հայաստանում ստեղծել հետազոտության և զարգացման (R&D) կենտրոն` մի քանի հազար աշխատակիցներով։ Ներկայիս աշխատակիցների թիվը Հայաստանում 360 է:
Նշվում է, որ «BostonGene»-ն առաջատար կազմակերպություն է հեռահաղորդակցության թվային ծառայությունների սպասարկման ոլորտում: Այն մասնագիտանում է բարձր տեխնոլոգիաների միջոցով քաղցկեղի ուսումնասիրման, կլինիկական մոդուլավորման, ուռուցքաբանության և իմունոլոգիայի վերաբերյալ հետազոտությունների բնագավառում:
Արտակ Ջումայանն ընդգծել է հեռահաղորդակցության կարևորությունը և ոլորտում «BostonGene» ընկերության դերն ու նշանակությունը: Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կծառայի Հայաստանում բարձր տեխնոլոգիաների միջոցով առողջապահության զարգացմանը: