Հասարակական

BigStory VC-ն 250 հազար դոլարի ներդրում է կատարել հայկական Docus-ում

2 րոպեի ընթերցում

BigStory VC-ն 250 հազար դոլարի ներդրում է կատարել հայկական Docus-ում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ BigStory VC վենչուրային հիմնադրամը 250 հազար դոլարի ներդրում է կատարել Docus ընկերությունում, որը առաջարկում է հեղափոխական նոր մոտեցում. Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն բժիշկներին տելեբժշկության պլատֆորմայով կապում է զարգացող երկրների հիվանդանոցների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲիգՍթորիի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

«Շատերս եղել ենք այն իրավիճակում, երբ մեր հարազատի կամ ընկերոջ մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն, և մենք կարիք ենք ունեցել երկրորդ կարծիքի: Հաջորդ քայլում ծանոթների միջոցով դիմում ենք Գերմանիայի, կամ ԱՄՆ-ի տվյալ բժշկական մասնագիտությամբ աշխատող մեր հասանելի «լավագույն» մասնագետին:

Շուտով գալիս է երկրորդ կարծիքը, որը մեր տեղական բուժող բժիշկը դժկամությամբ է ընդունում, քանի որ այն ոչ մի իրավական հիմք չունի:

Անցած տարի նոյեմբերից Ռոբերտը և Գևորգը, թողնելով իրենց Մոսկվայի շահութաբեր բիզնեսը, տեղափոխվում են Հայաստան և սկսում են Docus ընկերությունը: Docus-ը առաջարկում է հեղափոխական նոր մոտեցում. Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն բժիշկներին տելեբժշկության պլատֆորմայով կապում է զարգացող երկրների հիվանդանոցների հետ:

Տեղական հիվանդանոցում աշխատող մասնագետը և նրա եվրոպացի գործընկերը կազմում են բժշկական խորհուրդ՝ այսպիսով զարգացող երկրում ապրող հիվանդին հասանելի դարձնելով լավագույն բժշկական գիտելիքը»,- գրել է նա։

ԲիգՍթորին արդեն իսկ ներդրումներ է կատարել ProdMap AI, Zoomerang, WildLearner, Mythrill, BlueQubit ընկերություններում։

Նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում