Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արվեստագետին պետք է ճանաչեն իր գործերով, ոչ թե կոչումով. Ռուբեն Բաբայան

Արվեստագետին պետք է ճանաչեն իր գործերով, ոչ թե կոչումով. Ռուբեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները՝ պահպանելով միայն ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումները:

Որոշման հիմնավորման մեջ նշված է՝ որեւէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ.

«Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ եւ «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որեւէ մարմնի կողմից»։

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այդ կոչումներին միշտ դեմ է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանն ասում է՝ որոշումը ուշացած է եւ կիսատ, որովհետեւ վերաբերում է միայն ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ եւ ՀՀ վաստակավոր նկարիչ կոչումներին: Ինչպես Բաբայանն է ասում՝ ինքը ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում ունի, բայց որեւէ տեղ երբեք չի նշել:

«Ինչու ՀՀ վաստակավոր կամ ՀՀ ժողովրդական դերասան կոչումները հանել, իսկ ՀՀ վստակավոր գործիչը թողնել. չկա տրամաբանություն, պետք է սկզբունքային լինել մինչեւ վերջ: Արվեստի վաստակավոր գործիչ եւ Մշակույթի վաստակավոր գործիչ հասկացողությունները մնացել են, ու ոչ մի լավ բան այս հասկացողությունները չեն տալիս, դրանք պարզապես Սովետական միությունից մնացած բաներ են, որը բնորոշ է բոլոր միապետական համակարգերին: Շատ տարածված էր հենց Սովետական միությունում, Նացիստական Գերմանիայում: 

Իզուր չէ, որ այն երկրները, որոնք հետագայում ընտրեցին ժողովրդավարական ուղղվածություն, հրաժարվեցին այդ կոչումներից: Ավելին ասեմ՝ ներքին մթնոլորտը լավ առողջացավ:

Ստեղծագործական կոլեկտիվներում այս կոչումները տրվելուց հետո բազմաթիվ վատ երեւույթներ մեջտեղ եկան, ծանոթի միջոցով, ինչ-որ ձեւերով փորձում էին հասնել այդ կոչումներին: Ես կարծում եմ՝ արվեստագետին պետք է ճանաչեն իր գործերով, այլ ոչ թե կոչումով»,-նշում է Բաբայանը:

Ըստ նրա՝ պետության կողմից տրվում են պարգեւներ, շքանշաններ, մեդալներ, եթե  համարում է, որ ստեղծագործողը նաեւ իր քաղաքացիական դիրքորոշումով, իր՝ պետության հանդեպ ունեցած ծառայություններով, արժանի է պետության կողմից համապատասխան վերաբերմունքի՝ թո՛ղ ստանա: Իսկական արվեստագետի համար ամենակարեւորը, Բաբայանի խոսքով, հանդիսականի աջակցությունն ու ծափահարություններն են:

Բաբայանը շեշտում է՝ արվեստագետի համար այսօր կարեւորագույն խնդիր է՝ սոցիալական պաշտպանվածության հարցը:

«Մարդը 40 տարի դուրս է գալիս բեմ, ուրախացնում է հանդիսականին, հետո անցնում է թոշակի, ստանում 55-56 հազար դրամ: Արդյոք այսպես է պետությունը գնահատում արվեստագետին: Ես կարծում եմ՝ այդ կոչումներից հրաժարվելուց հետո երկրորդ քայլը պետք է լինի սոցիալական հարցի լուծումը: Արվեստագետները մարդիկ են, որոնք չունեն սեփական բիզնես, երբեք դրանով չեն զբաղվել, ամբողջ կյանքը նվիրել են այն արվեստի ճյուղին, որը ներկայացնում են»,-զրույցը եզրափակեց նա:

Լիանա Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]