Մեծամորը և Պոլյարնիե Զորին հռչակվել են քույր քաղաքներ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծամոր համայնքը միջազգային համագործակցության ոլորտում ակտիվ գործունեություն է սկսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Պոլյարնիե Զորի քաղաքի հետ կնքվել է համագործակցության հուշագիր, որում ամրագրվել է նաև, որ երկու քաղաքները ճանաչվում են քույր քաղաքներ:
Այս հուշագրի ստորագրումը, Մեծամոր համայնքի ղեկավար ընտրվելուց հետո, Վահրամ Խաչատրյանի առաջին նախաձեռնությունն է միջազգային համագործակցության ոլորտում և այն կյանքի է կոչվել:
Պոլյարնիյե Զորի քաղաքը Մեծամորի քաղաքի հետ կապող օղակ ունի. այս քաղաքում գտնվող Կոլայի ատոմային կայանի օրինակով է կառուցվել Հայաստանի ատոմային էլեկտրոկայանը, որի համար տուրբինները Խորհրդային Միության տարիներին տեղափոխվել են հենց այս քաղաքից: Պոլյարնիյե Զորին և Մեծամորը կառուցվել են որպես ատոմակայանների բնակիչների կեցության ավաններ, որոնք հետագայում ստացել են քաղաքների կարգավիճակ: Այժմ քաղաքներում բնակվում են ԱԷԿ-ների նախկին և ներկա աշխատակիցները, իսկ ինչպես նախկինում, այդպես էլ 2018-2022 թվականներին Ռուսաստանի Դաշնության «Ատոմէներգոռեմոնտ» բաժնետիրական ընկերության տարբեր մասնաճյուղերի, ինչպես նաև «Կոլատոմէներգոռեմոնտ» մասնաճյուղի ավելի քանի 100 մասնագետները, ովքեր հանդիսանում են Պոլյարնիյե Զորի քաղաքի բնակիչներ մասնակցել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործմանժամկետի երկարաձգման աշխատանքներին և պատվով կատարել իրենց մասնագիտական աշխատանքը:
Մեծամոր համայնքի ղեկավարի խորհրդական Վլադիմիր Ստեփանյանը Պոլյարնիյե Զորի քաղաքապետ Մաքսիմ Պուխովի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Հուշագրի կնքումից հետո Վլադիմիր Ստեփանյանը Պոլյարնիյե Զորի համայնքապետարանի աշխատակազմին և քաղաքի բնակիչներին բարեմաղթանքներ է փոխանցել Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի անունից:
Ողջույնի իր խոսքում, նա, հղում անելով հայ-ռուսական արդի փուլի շոշափելի ձեռքբերումներին, վստահություն է հայտնել, որ այդ հուշագրով նույնպես կնպաստեն համայնքների համագործակցության ձևաչափում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:
«Կարծում եմ՝ այս հուշագիրն օրինակ կծառայի այլ համայնքների համար, որպեսզի համագործակցության այս ձևաչափը կիրառվի նաև այլ համայնքներում»,- նշել է Վլադիմիր Ստեփանյանը:
Կողմերը պայմանավորվել են ակտիվ համագործակցել քույր քաղաքների հումանիտար, առևտրատնտեսական, փոքր ու միջին բիզնեսի ոլորտներում, ինչպես նաև՝ զբոսաշրջության, մշակույթի, սպորտի և երիտասարդության զարգացման հարցերում։