ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ «Դիմադրության» շարժման՝ Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու որոշմանը։
«Կարծում եմ, որ ընդդիմությունը ճիշտ գնահատեց ստեղծված իրավիճակը և ճանապարհը բացեցին՝ խոչընդոտներ չառաջացնելու մեր քաղաքացիների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանը։
Քոչարյանի խոսքով՝ իշխող խմբակցությունը պատրաստ է ցանկացած հարց քննարկել Ազգային ժողովում, քանի որ Հայաստանին համերաշխություն է պետք։
«Բնականաբար, իրենք պետք է իրենց այդ որոշումը արձանագրեին հաղթանակով և պետք է տեսնեին, որ եթե իրենք չլինեին, Հայաստանի Հանրապետությունը ոչնչացված պետք է լիներ։ Դա այդպես չէ: Մենք էլ ասում ենք, որ Հայաստանին համերաշխություն է պետք, և համերաշխության հարթակն Ազգային ժողովն է։ Ինչո՞ւ են փախել Ազգային ժողովից, ինչո՞ւ չեն վերադառնում։ Ես բազմիցս ասել եմ, որ իշխանությանը պետք է ընդդիմություն, և, եթե ընդդիմությունն ակնկալիք ունի ապագայում դառնալ իշխանություն, պետք է շարժվի Սահմանադրության պահանջներով»,- ասաց Քոչարյանը։
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից մոտ մեկուկես ամիս առաջ ձևավորված «Դիմադրության» շարժման ղեկավարները որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքն ու մարտավարությունը: Շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանըառաջարկեց հունիսի 15-ից հավաքել վրանները Ֆրանսիայի հրապարակից: