Հասարակական

Հայաստան գալու պատճառներից մեկը գիտության ոլորտում զարգացումներին ծանոթանալն է. Արտեմ Պատապուտյան

2 րոպեի ընթերցում

Հայաստան գալու պատճառներից մեկը գիտության ոլորտում զարգացումներին ծանոթանալն է. Արտեմ Պատապուտյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոբելյան մրցանակի դափնեկիր, բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Պատապուտյանն այցելեց ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, որտեղ գիտնականը տնկեց այն բույսի հատիկը, որից ստացել է հայտնի մոլեկուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նոբելյան կոմիտեն բժշկության 2021թ. նոբելյան մրցանակը գիտնականին շնորհել է ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար:

Տեղի ունեցավ նաև գիտխորհրդի նիստ, որտեղ Արտեմ Պատապուտյանն ընտրվեց բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր:

«ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում շրջայցից հետո հայկական ծագմամբ միակ Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը ԵՊԲՀ կարմիր դահլիճում հանդես եկավ " How do you feel? The molecules that sense touch" թեմայով դասախոսությամբ:

«Հայաստանում գտնվելու պատճառներից մեկն այն է, որ նաև ծանոթանամ Հայաստանի գիտության ոլորտում զարգացումներին, ակնկալում եմ նոր համագործակցության հիմք դնել: Կառավարությունը փորձում է ավելացնել ֆինանսավորումն՝ ուղղված գիտությանը, հետազոտությանը, ինչը ոլորտի զարգացման համար առաջին կարևոր քայլերից է: Ես հույս ունեմ, որ երիտասարդ ուսանողները, տեսնելով իմ օրինակը, կձգտեն ավելի լավ արդյունքների»,- ասաց Արտեմ Պատապուտյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ Արտեմ Պատապուտյանի հետ իրենց համագործակցությունը սկսվել է դեռևս 2016 թվականից, երբ նա բժշկական համալսարանում իրականացրել է «Շոշափելիքի ընկալումը. ինչպես ենք զգում ջերմաստիճանն ու ճնշում» թեմայով առաջին դասախոսությունը:

«Արտեմ Պատապուտյանի կողմից բացահայտվել է իոնային անցուղիների մի նոր ընտանիք` Piezo անցուղիները, որոնք ակտիվանում են մեխանիկական գրգռումից: Եվ այսօր նա ԵՊԲՀ-ում տնկեց այն բույսի հատիկը, որից ստացել է հայտնի մոլեկուլը, և մենք կսպասենք այդ գիտության ծառի պտուղներին»,- եզրափակեց Արմեն Մուրադյանը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում