Հայաստան

Polish Aid-ի շրջանակներում Հայաստանն ու Լեհաստանը ստորագրել են նոր ծրագրերի պայմանագրեր

2 րոպեի ընթերցում

Polish Aid-ի շրջանակներում Հայաստանն ու Լեհաստանը ստորագրել են նոր ծրագրերի պայմանագրեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Լեհաստանի դեսպանի առանձնատանը Polish Aid-ի շրջանակներում տեղի է ունեցել նոր ծրագրերի պայմանագրերի ստորագրում, որոնք կիրականացվեն այս տարի։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Լեհաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում Վաղատուրում մանկապարտեզի համար խաղահրապարակի կառուցման հետ մեկտեղ ձեռք կբերվեն սարքավորումներ, Արևիկի, Բավրայի և Ղարիբջանյանի երիտասարդական կենտրոններում կբարելավվեն կրթական և մշակութային պայմանները:

«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ Լոռու մարզում` կբարելավվեն Պրոբացիայի ծառայության օբյեկտների պայմանները (IV փուլ): ISSD Innovative Solutions for Sustainable Development of Communities-ի հետ միասին կստեղծվի «Գրին Հաբ» էկոլոգիական կենտրոն Արմավիրի մարզում։ Trails for Change-ի հետ համագործակցության շրջանակներում կիրականացվի ծրագիր, որի շնորհիվ «Սևան» ազգային պարկում կբարելավվեն ենթակառուցվածքները և հանգստի գոտիները` գծանշելով դեպի Սոնասար լեռ տանող արահետը և կառուցելով դիտակետերում փոքր ճարտարապետական կետեր։ 

«Polish Aid-ը Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության բրենդն է, որն իրականացվում է զարգացող երկրներում: Քաղաքական և տնտեսական վերափոխման ընթացքում Լեհաստանն օգտվեց այլ երկրների, միջազգային կառույցների և կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունից: Այժմ, երբ այն ՄԱԿ-ի, Եվրամիության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության աջակցության կոմիտեի անդամ է, ինքն է արդեն դարձել զարգացման օգնության դոնոր»,- նշված է հաղորդագրության մեջ: Ընդգծվում է, որ Լեհաստանն անմիջականորեն համագործակցում է Արևելյան գործընկերության երկրների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի ավելի հեռավոր երկրների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում