Հասարակական

Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

2 րոպեի ընթերցում

Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը, 2016-2021թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով ունենալով հողօգտագործման բնագավառում սեփական լիազորություններ, դիտավորությամբ չի կիրառել դրանք և միջոցներ չի ձեռնարկել համայնքին պատկանող հողամասերի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի՝ համապատասխան հանձնարարագրով կատարված ստուգումների ընթացքում պարզվել է, որ Արաքս համայնքին պատկանող թվով չորս հողատարածքներ զավթվել են և այդ տարածքներում կատարվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածով (4 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հողամասերը զավթած անձանց, հողը փչացնելու և ընդերքի պահպանմանև օգտագործման կանոնները խախտելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում