Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Ստեփանակերտի արևածագ. արվեստի փառատոնը կհամախմբի Արցախի, Հայաստանի, Սփյուռքի արվեստագետների

Ստեփանակերտի արևածագ. արվեստի փառատոնը կհամախմբի Արցախի, Հայաստանի, 
Սփյուռքի արվեստագետների

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հունիսի 24-ին կմեկնարկի «Sunrise Stepanakert» (Ստեփանակերտի արևածագ) խորագրով մուլտիմեդիա արվեստի փառատոնը: Այն արդեն երկրորդ տարին է անցկացվում, որն ընդգրկում է լուսանկարչության և թվային արվեստի ցուցադրություն, երաժշտական կատարումներ, կինոդիտումներ և ստեղծագործական վարպետության դասեր: Փառատոնի համահիմնադիրներն են սփյուռքահայ երիտասարդ աղջիկներ, որոնք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Իգործ» ծրագրի շրջանակում եկան Հայաստան աշխատելու ու մնացին այստեղ:

Փառատոնի համահիմնադիր Շուշան Քէշիշեանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մեծ ցանկություն էր առաջացել Արցախի համար ինչ-որ գործ անելու: Սկզբում բարեգործական միջոցառում կազմակերպվեց Երևանում, որի ընթացքում ստացված հանգանակությունն ուղղվեց Արցախից տեղահանվածների աջակցությանը:

«Բարեգործական միջոցառումն իրենից ներկայացնում էր ցուցահանդես՝ լուսանկարներ, գրաֆիկ դիզայն, իլյուստրացիա: Այդ նախաձեռնության շրջանակում սկսեցինք աշխատել Լիլիթ Հակոբյանի հետ: Միջոցառումը հաջողությամբ իրականացնելուց հետո մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ այն չանցկացնել Արցախում և չանել ավելի մասշտաբային: Այդպես մեզ միավորեց այդ գաղափարն ու սկսեցինք աշխատել: Գնացինք Արցախ, քննարկեցինք ու հասկացանք, որ այն պետք է պարզապես ցուցահանդես չլինի, այլ անցկացվի որպես փառատոն, որը կներառի համերգային ծրագիր, կինոդիտում, վարպետաց դասեր և այլն»,-ասաց Շուշան Քէշիշեանը:

Այս տարի ոչ միայն ծրագիրը մեծացավ, այլև աշխատանքային թիմն ընդլայնվեց ու արդեն երկրորդ անգամ «Sunrise Stepanakert» արվեստի փառատոնն իր դռները կբացի Արցախում: Փառատոնի համահիմնադիր Լիլիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի փառատոնին շուրջ 800 մարդ է մասնակցել, այս տարի 1200 այցելություն է սպասվում: Մասնակցելու են արտիստներ ինչպես Արցախից, Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: Ցուցահանդեսին կներկայացվեն նաև այլազգի արվեստագետների աշխատանքներ: Այս տարվա թեման «Պատկանելիություն»-ն է:

«Փորձում ենք արվեստի միջոցով ներկայացնել, թե ժամանակակից հայի պատկերացմամբ ինչ է «Պատկանելիություն»-ը: Շուշանը Լիբանանից է, որն աշխատում էր Անգլիայում, ես Սանկտ-Պետերբուրգից եմ, բայց ծնվել եմ Վրաստանում: Մեզ նման շատերը փնտրում են այն տեղը, որին պատկանում են: Համախմբելով Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայերին՝ մենք ցանկանում ենք շեշտել, որ ամեն մայրամուտից հետո սկսվում է լուսաբացը: Ուղերձն այն է, որ կյանքը շարունակվում է, պետք է վերածնվենք ու դա անենք արվեստի միջոցով: Մեզ համար կարևոր է, որ Արցախն իրեն զգա միջազգային հարթակի մի մաս: Այն մեկուսացած օղակ չէ, այլ ընդհանուրի մի մասն է: Մենք ուրախ ենք, որ այլ երկրներից մասնակիցներ ունենք, որոնց աշխատանքները նույնպես ներկայացվելու են»,-ասաց Լիլիթ Հակոբյանը:

Փառատոնին ակտիվ ներկայացված են Արցախի ստեղծագործողները, ժամանակակից արվեստագետները՝ երաժիշտ Արթուր Խաչենց, լուսանկարիչ Դիանա Բալուղյան, ռեժիսոր Մարիամ Ավետիսյան և այլք:  

Փառատոնն անցկացվելու է մինչև հուլիսի 3-ը: Երևանից անվճար ապահովվելու է տեղափոխում Ստեփանակերտ: Նախաձեռնողները նախատեսում են փառատոնը դարձնել ամենամյա:

Աննա Գզիրյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am