Կոտայքում ավարտական միջոցառումից հետո 15 մարդ դեռ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցներում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզում ավարտական միջոցառումից հետո 15 մարդ դեռ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ ախտանշաններով հոսպիտալացվածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ Բյուրեղավանի ավարտական միջոցառումից հետո «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ում հոսպիտալացված պացիենտներից 1-ը դուրս է գրվել, հոսպիտալացվել է 1 նոր պացիենտ։ Միջոցառման մասնակիցներից ևս մեկը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։
2022 թվականի հունիսի 3-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները ծնողների և ուսուցիչների հետ միասին (թվով 65 անձ) նշել են ավարտական միջոցառում, որի ժամանակ օգտագործել են խոզի մսի և հավի ճտի խորոված, բանջարեղենային աղցան հավի կրծքամսով և ձեթով, ինչպես նաև գործարանային արտադրության հյութեր: Միջոցառման հաջորդ օրը ներկաներից դիմել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ, որտեղից ուղեգրվել են «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ: Վերջիններս ունեցել են թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, ուժեղ ցավեր որովայնի շրջանում:
Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, աշխատանքները շարունակվում են։