Պատմության հետագծով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7ՀՈՒՆԻՍԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1683 թ. հունիսի 7-ին ծնվել է Պաղտասար Դպիրը՝ հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային եւ կրթական լուսավորչական շարժման գործիչ, եղել է գրականության նորոգության ժամանակաշրջանի առաջավոր գործիչներից։
-1952 թ. հունիսի 7-ին ծնվել է Օրհան Փամուկը՝ չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ:
-1999 թ. հունիսի 7-ին մահացել է Լենդրուշ Խուրշուդյանը՝ պատմաբան:
-1848 թ. հունիսի 7-ին ծնվել է Պոլ Գոգենը՝ ֆրանսիացի նկարիչ:
-Հունիսի 7-ին Իսպանիայում նշվում է Հանրապետության օրը:
-Հունիսի 7-ին Մալթայում նշվում է Նահատակների օրը:
-Հունիսի 7-ին Նորվեգիայում նշվում է Անկախության հռչակման օրը:
-Հունիսի 7-ին Պերուում նշվում է Դրոշի օրը:
Հետաքրքրական է
Ծանրամարտ (ծանր աթլետիկա)՝ մարզաձեւ, որը 1972-ից ունի երկու մարզավարժություն՝ պոկում եւ հրում։
Մարզիկի խնդիրն է, ծանրաձողը գետնից բարձրացնելով, ուղիղ ձեռքերով պահել գլխից վեր. այդ պահին ոտքերը պետք է լինեն ուղիղ, իսկ թաթերը՝ մեկ ուղիղ գծի վրա։ Օլիմպիական խաղերում հաղթում է երկամարտի գումարով առավել բարձր արդյունք ցույց տված ծանրորդը։ Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ այլ մրցաշարերում պաշտոնապես որոշվում են նաեւ առանձին մարզավարժությունների հաղթողները։ Յուրաքանչյուր մարզավարժության համար մարզիկին տրվում է երեք մրցափորձ։ Ծանրաձողի մեկնարկային քաշը որոշում է մարզիչը։ Երեք մրցափորձերի անհաջող ելքի դեպքում մարզիկը դուրս է մնում տվյալ վարժության մրցությունից։ Հաջող մրցափորձի դեպքում մարզիկը կարող է ավելացնել ծանրաձողի քաշը, բայց ոչ պակաս, քան մեկ կիլոգրամ։ Ծանրորդները մրցում են 4x4 մետր մրցահարթակի վրա։
Ծանրությունների բարձրացման մրցումները հայտնի են հնագույն ժամանակներից, սակայն առաջին պաշտոնական մրցումները կազմակերպվել են ԱՄՆ-ում 19-րդ դարի կեսերին։ Ծանրամարտը, որպես առանձին մարզաձեւ, ընդգրկվել է 1896 թ. ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերի ծրագրում։ Եվրոպայի առաջին առաջնությունը տեղի է ունեցել Ռոտերդամում 1896 թ., իսկ աշխարհի անդրանիկ առաջնությունը կայացել է 1898-ին Վիեննայում։ 1912 թ. ստեղծվել է Ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիան, որը եւ հաստատել է ծանրամարտի միջազգային մրցումների անցկացման կանոնադրությունը։
Ա. Հ.